Բակտերիաները, որոնք ապրում են աղիներում, կարող են օգնել պայքարել գրիպի վիրուսի դեմ, պարզել է Սանկտ Պետերբուրգի տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի ու օպտիկայի ազգային հետազոտական համալսարանի ու Սենթ Լուսիսի Վաշինգտոնյան համալսարանի բժշկության դպրոցի գիտնականներից կազմված միջազգային խումբը։
Պարզվել է, որ բակտերիաները, որոնք ապրում են աղիներում, կարող են կանխել գրիպի ինֆեկցիայի զարգացումը մկների մոտ, հավանաբար գրիպի վիրուսները ֆլավոնոիդների՝ բնության մեջ սեւ թեյի, կարմիր գինու մեջ հանդիպող նյութերի միջոցով ոչնչացնելով։
Գիտնականները պարզել են, որ մետաբոլիտները, որոնք առաջանում են աղիքային բակտերիաների գործունեության արդյունքում, խթանում են ինտերֆերոնի արտադրանքը՝ սպիտակուց, որը ճնշում է վիրուսի բազմացումը։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Science ամսագրում։
Տարբեր մարդիկ տարբեր կերպ են արձագանքում գրիպի վիրուսով վարակվելուն։ Ավելի վաղ համարվում էր, որ իմունային համակարգը կախված է միայն գենետիկ գործոններից ու արտաքին միջավայրի պայմաններից։ Սակայն գիտնականների միջազգային խմբի հետազոտությունը ցույց է տվել, որ մարդկանց աղիներում բնակվող բակտերիաների կենսագործունեության արտադրանքները նույնպես դեր են կատարում։
Գիտնականները ցույց են տվել, որ միկրոբիոտան ազդում է օրգանիզմի իմունային արձագանքի վրա սուր ինֆեկցիոն հիվանդության ժամանակ, որը ախտահարում է շնչառական համակարգը։ Մասնավորապես, դեզամինոտիրիզին մետաբոլիտը (desaminotyrosine — DAT) նպաստում է ինտերֆերոնի արտադրությանը՝ սպիտակուց, որը խոչընդոտում է վիրուսի բազմացմանը։ Դրա շնորհիվ վիրուսով վարակված բջիջի մեջ սկսվում են քիմիական ռեակցիաներ, որոնք ունակ են դադարեցնել ընդհանուր առմամբ սպիտակուցային սինթեզը։ Բացի դրանից ինտերֆերոնն ակտիվացնում է վիրուսային անտիգեների ու իմունային պատասխանին մասնակցող այլ միացությունների արտադրման գործընթացը։
Որպեսզի ապացուցվի միկրոբիոտայի դերը ու ինտերֆերոնի արտադրության միջոցով գրիպին իմունային պատասխանի կարգավորման մեխանիզմները՝ հետազոտողները մի շարք փորձարկումներ են իրականացրել մկների վրա։ Գիտնականները ստուգել են 86 մետաբոլիտներ՝ բակտերիաների գործունեության արտադրանքներ՝ հասկանալու համար ինտերֆերոնի մշակման համար բջիջների խթանման՝ նրանց ունակությունը։ Արդյունքում հայտնաբերվել է 11 նման մետաբոլիտ, ու կենսաբանական տեսակետից ամենառելեվանտը եղել է DAT-ը՝ ֆլավոնոիդների բուսական նյութերի դեգրադացիայի արտադրանքը։
Գիտնականները նաեւ որոշել են բակտերիաների տեսակները, որոնք պատասխանատու են մետաբոլիտի մշակման համար։ «Ստացված արդյունքները ստուգելու համար վերցվել են սովորական մկներ, ստերիլ մկներ, ու մկներ, որոնք ունակ չեն ինտերֆերոն արտադրել,- պարզաբանել է հոդվածի հեղինակներից մեկը՝ Եկատերինա Էսաուլովան,- Նրանք ստանում էին մետաբոլիտը խմելու ջրի հետ միասին՝ ինֆեկցիայի առաջացումից 7 օր առաջ ու հիվանդության 14 օրերի ընթացքում։ Նախորդ արդյունքների համեմատ՝ ստերիլ մկների շրջանում ավելի մեծ մահացություն է գրանցվել, քան սովորական մկների մոտ։ Մկների երկու տեսակներում էլ վիրուսից մահը ու քաշի կորուստը զգալիորեն քիչ էր այն մկների մոտ, ովքեր ստանում էին DAT։ Ու մեր այն հիպոթեզի համաձայն, ըստ որի DAT-ը պաշտպանում է գրիպի վիրուսից՝ ինտերֆերոնի մշակման ուժեղացման միջոցով, DAT-ը ազդեցություն չի թողել այն մկների մոտ, որոնք ունակ չեն արտադրել այն»։
Փորձերը ցույց են տվել, որ վիրուսի դեմ պայքարում DAT-ի էֆեկտից օգուտ քաղելու համար անհրաժեշտ է, որպեսզի մետաբոլիտն արդեն անհրաժեշտ քանակությամբ ներկա լինի օրգանիզմում հիվանդության սկզբում։ Եվ այսպես, այն մկները, որոնց ներարկել էին DAT՝ գրիպով վարակվելուց երկու օր անց, հիվանդությունն ավելի վատ էին հաղթահարել, քան այն մկները, որոնք առհասարակ այն չէին ստացել կամ ստացել էին մինչեւ վարակվելը։ Այսպիսով, հենց ինֆեկցիայի ժամանակ մետաբոլիտների քանակի ավելացումը չի ազդում հիվանդության ընթացքի վրա։ Որպեսզի մետաբոլիտն ազդի իմունային համակարգի վրա, անհրաժեշտ է, որ այն ներկա լինի օրգանիզմում վիրուսային ինֆեկցիայի հենց սկզբից։
«Արդյունքները խոսում են այն մասին, որ սպեցիֆիկ բակտերիաներով նախնական բնակեցումը ու ֆլավոնոիդներով հագեցած սննդակարգը կարող են դառնալ առանցքային բաղադրիչ՝ ինֆեկցիային իմունային պատասխանի կանոնակարգման համար»,- նշել է հոդվածի եւս մեկ հեղինակ Մաքսիմ Արտեմովը։






