Մայեր-Ռոկիտանսկի-Կյուստեր-Հաուզերի (ՄՌԿՀ) համախտանիշով կանանց համար կյանքը երբեմն կարող է շատ դժվար լինել: Ծնված լինելով թերզարգացած հեշտոցով՝ (իսկ ոմանք նույնիսկ դրա բացակայությամբ) նրանք չեն կարող ապրել բնականոն սեռական կյանքով, նրանց մոտ բացակայում է դաշտանը եւ նրանք չեն կարող երեխա ունենալ բնական եղանակով:

Wake Forest կենտրոնի բժշկական մասնագետները ՄԿՌՀ համախտանիշի ծանր ձեւերով հիվանդ կանանց համար կյանքի կարգավորման միջոց են գտել:

Կանանց սեփական բջիջներն օգտագործելով նրանք լաբորատոր պայմաններում հաջողությամբ հեշտոցներ են աճեցրել եւ փոխպատվաստել չորս կանանց, հաղորդում է Fox News-ը:

Wake Forest ռեգեներատիվ (վերարտադրողական) բժշկության ինստիտուտի տնօրեն Էնտոնի Աթալան հաղորդել է, որ իր թիմի հետ լաբորատոր աճեցված հեշտոցների ստեղծման ուղղությամբ աշխատել է մոտ 25 տարի՝ պարզելով թե ինչպես ճիշտ վերցնել եւ աճեցնել բջիջները, իսկ այնուհետեւ փորձարկել են այդ ամենը մկների վրա:

Վերցված բջիջները 4 շաբաթվա ընթացքում աճեցվում են լաբորատորիայում, այնուհետեւ նրանց տալիս են հեշտոցային օրգանի տեսք: Յուրաքանչյուր հիվանդի համար անհատական օրգանի կաղապար է մշակվել:

«Ստացված կազմությունը մենք տեղադրում ենք ինկուբատորում՝ մարդկային մարմնի պայմաններին մոտ միջավայրում, որտեղ այն «հասունանում» է, որից հետո այն կարելի է փոխպատվաստել հիվանդի օրգանիզմ»,- ասում է Աթալան:

Իրենց հետազոտության համար Աթալան եւ իր գործընկերներն ընտրել են ՄԿՌՀ համախտանիշի ծանր ձեւով հիվանդ 13-18 տարեկան 4 կանանց: Գործողությունները սկսվել են 2005թ.-ի հունիսին եւ շարունակվել մինչեւ 2008թ.-ի հոկտեմբերը: Գրեթե 8 տարի հետազոտողները հետեւել են կանանց՝ անցանկալի բարդությունները հայտնաբերելու նպատակով եւ կատարել են բազմաթիվ հետազոտություններ:

Ընդհանուր առմամբ վիրահատությունները ֆունկցիոնալության առումով զարմանալիորեն հաջողված են ստացվել, ներառյալ՝ ցանկությունը, գրգռումը, խոնավեցումը, զգայունությունը եւ անցավ ակտը:

Wake Forest-ի թիմը ներկայումս փորձարկում է միջամտությունը այլ հիվանդների  վրա եւ պատրաստվում է կլինիկական հետազոտությունների: