Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միակ առողջության կենտրոնի ծննդատունը շուրջ 2 տարի է՝ փակ է: Անհրաժեշտ սարքավորումները կան, սակայն համապատասխան մասնագետ չկա: Առողջության կենտրոնն ամբողջությամբ վերանորոգված է, ունի բժշկական անհրաժեշտ սարքավորումները, սակայն տարածաշրջանի շուրջ 6 հազար բնակիչները զրկված են ստացիոնար բուժում ստանալու հնարավորությունից: Պատճառը պարզից էլ պարզ է. ոչ մի բժիշկ չի համաձայնվում աշխատել Ամասիայում, որովհետեւ աշխատավարձը ցածր է:
«Ստացիոնար բուժում 2008 թվականից չունենք: Անհրաժեշտության դեպքում տարածաշրջանի բնակիչները դիմում են Գյումրիի կամ Աշոցքի հիվանդանոցներ: Ամասիայում հիվանդանոցը փակվել է, որովհետեւ համապատասխան մասնագետներ չունենք: Միայն ես էի աշխատում, բայց արդեն չէի հասցնում. ե՛ւ ընտանեկան բժիշկն եմ, ե՛ւ սոնոգրաֆիստը, ե՛ւ բիոքիմիական հետազոտություններն եմ անում: Նույնիսկ «Շտապ օգնության» բժիշկն էի ես, բայց այս տարվա փետրվարից արդեն ֆելդշերական է»,- NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ամասիայի առողջության կենտրոնի տնօրեն Աննա Մկոյանը:
Ամասիայում աշխատելուց հրաժարվում են նաեւ այն պատճառով, որ պետությունն ապրելու վայրի խնդիրը չի հոգում: Տնօրենը նշում է. պետությունը չի տարբերակում գյուղի եւ քաղաքի հիվանդանոցները, բոլորի համար նույն չափորոշիչներն են, մինչդեռ գոնե սահմանամերձ բնակավայրերի համար պետք է «գրավիչ» պայմաններ լինեն. «Բժիշկն էլ չի կարող այլ բնակավայրից գալ, մի քանի ժամ աշխատել ու գնալ, որովհետեւ հիվանդն ամեն պահի կարող է դիմել, բժիշկն էլ պարտավոր է օգնել, առավել եւս, որ մենք սպասարկում ենք մոտ 29 համայնք, այսինքն՝ շուրջ 6 հազար բնակչի: Պետությունը պետք է հաշվի առնի, թե Ամասիայում բժիշկներն ինչ պայմաններում են աշխատում. տարվա 6 ամիսը ցուրտ է, կանչի դեպքում գյուղեր հասնելը՝ դժվար»:
Չնայած Ամասիայի պոլիկլինիկան գործում է, եւ տնօրենը համատեղության կարգով միանգամից մի քանի մասնագետի է փոխարինում, ընտանեկան երկրորդ բժշկի կարիք կա: Աննա Մկոյանը հավաստում է, որ մենակ չի հասցնում:
«Մասնագետները գալիս են, տեսնում պայմաններն ու հրաժարվում են այստեղ աշխատելուց»,- ասում է տնօրենը:
Բնակիչների խոսքով՝ ցուրտ Ամասիայում, որտեղ եղանակային պայմանների պատճառով շատ հաճախ են ճանապարհները փակվում, դժվար է Գյումրիի հիվանդանոցներ հասնելը:
«Ամեն ինչից զրկված ապրում ենք, գոնե հիվանդանոց ունենայինք, ամեն փոքր բանի համար չենք կարողանում Գյումրի հասնել»,- մեզ հետ զրույցում բողոքեցին բնակիչները:
Հետաքրքիր է, որ պատկան մարմինները շատ են խոսում մարզերում բժշկությունը զարգացնելու մասին, այնպես անելու, որ մարզի բնակիչը ստիպված չլինի հասնել Երեւան կամ թեկուզ մարզկենտրոն, սակայն, կարծես, «մոռացել են», որ Ամասիայի տարածաշրջանում ապրողն 9 տարի է՝ զրկված է տեղում ստացիոնար բուժում ստանալու հնարավորությունից:






