Մարդիկ բավականաչափ վիտամիններ են ստանում սննդի միջոցով, այդ պատճառով Հայաստանում ցորենի ալյուրը լրացուցիչ վիտամիններով հարստացնելու կարիք չկա: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց կենսաբան Վարդուհի Մելիքյանը՝ մեկնաբանելով ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի ներկայացրած «Հայաստանում ցորենի ալյուրը հարստացնելու մասին» առաջարկի վերաբերյալ կառավարությունում ընթացող քննարկումները:

Մելիքյանի կարծիքով՝ հայկական մթերքներում սպառողի համար բավականաչափ վիտամիններ կան:

«Ավելի լավ է՝ պետությունը թող պայմաններ ստեղծի, որպեսզի մարդիկ աշխատեն եւ նորմալ սոցիալական պայմաններ ունենան: Այդ դեպքում նրանք կկարողանան իրենց թույլ տալ վիտամիններով հարուստ սնունդ գնել: Սա ավելի լուրջ խնդիր է, քան այս օրենքի ընդունումը»,- պարզաբանել է Վարդուհի Մելիքյանը:

Կենսաբանի խոսքով՝ խորհրդային տարիներին նույնպես վիտամիններով հարստացված ալյուր էր արտադրվում, բայց միայն երեխաների համար: Չնայած դրան, ըստ Մելիքյանի, այն այդպես էլ զանգվածային օգտագործման չհանվեց: