Կենսաբանները սպիտակուց են բացահայտել, որը սրտին ստիպում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ մեծացնել մկանային մանրաթելերի զանգվածն ու բարելավել աշխատանքը։ Այդ սպիտակուցի սինթետիկ «նմանակները» կարող են դառնալ յուրօրինակ «լիցքավորման դեղորայք»։ Այս մասին ասվում է Cell Research պարբերականում տպագրված հոդվածում։

«Երբ սրտի մի մասը մահանում է, ողջ մնացած բջիջները փորձում են հարմարվել դրան՝ մեծացնելով չափսերը, բայց դա հաճախ անոմալիաների է հանգեցնում եւ սրտին չի օգնում ավելի շատ արյուն շրջանառել։ Մենք բացահայտեցինք, որ CT1 սպիտակուցը բջիջներին ստիպում է նորմալ կերպով աճել՝ խթանելով նաեւ սրտում անոթների աճը։ Դա բարձրացնում է նրա դիմացկունությունը՝ ինչպես սպորտով զբաղվելիս»,- ասել է Լինն Մեգենին (Lynn Megeney)՝ Օտտավայի համալսարանից։ 

Մարդու եւ մյուս կաթնասունների սիրտն իսկապես մեծանում է միայն մանուկ տարիքում եւ հետո գործնականում չի փոփոխվում։ «Հասուն» սրտի մեծացումը՝ այսպես կոչված հիպերտրոֆիան, առողջության համար ոչ թե օգտակար, այլ վտանգավոր երեւույթ է, որի արդյունքում սովորաբար արյան շրջանառությունը դադարում է եւ մահ է գրանցվում։

Այնուամենայնիվ, սրտի աշխատանքը բարելավելու եւ ամրապնդելու ավելի անվտանգ միջոցներ էլ կան՝ վարժանքն ու հղիությունը։ Մարզումների եւ հղիության դեպքում մկանային բջիջների ներսում մանրաթելերի թիվն ավելանում է, ինչը թույլ է տալիս նրանց ավելի հաճախ ու ուժգին կծկվել, այնինչ սրտի զանգվածն ու բջիջների թիվը փաստացի չեն փոխվում։

Մեգենին ասել է, որ գիտնականները վաղուց են փորձում սիրտը նման կերպ մեծացող մեխանիզմ գտնել։

Գիտնականները գտել են այդ խնդրի լուծումը՝ կարդիոտրոֆին-1 (CT) սպիտակուցը՝ փորձարկելով նյութերի հետ, որոնք ենթադրաբար սրտի հիպերտրոֆիա են առաջացնում կամ որեւէ կերպ ազդում դրա աշխատանքի վրա։  Այդ մոլեկուլների լուծույթը հավելելով առնետների ու մկների սրտի բջիջների կուլտուրաներին՝ փորձել են գտնել նյութերի այնպիսի համադրություն, որը կամրապնդեր դրանք՝ առանց դրանց չափսերին մեծանալ հարկադրելու։

Գիտափորձերը ցույց են տվել, որ ցանկացած տեսակների սրտի կուլտուրաներում CT-ի հավելումը նրանց ստիպել է ավելացնել մանրաթելերի թիվն ու բարձրացնել դիմացկունությունը։ Եվ այդ արդյունքը մշտական չի եղել, ինչպես հիպերտրոֆիայի դեպքում, այլ՝ ժամանակավոր։  Բժշկական տեսանկյունից դա շատ կարեւոր է, քանի որ թույլ է տալիս դադարեցնել բուժումը, եթե ինչ-որ բան սխալ ընթանա։ 

Բացահայտելով կարդիոտրոֆինի դրական կողմերը՝ գիտնականները ստուգել են, թե ինչպես է այդ նյութն ազդում մի քանի մկների ու առնետների սրտի վրա, որոնք տառապում են թոքային հիպերտենզիայով կամ ինֆարկտ են տարել։ CT-ի ներարկումները կարողացել են կանխել սրտի հիպերտրոֆիան եւ չեզոքացրել են սրտի նոպայի հետեւանքները։ Դա ցույց է տվել, որ տվյալ սպիտակուցը կարելի է օգտագործել բուժման նպատակներով։ 

Առաջիկայում գիտնականները ծրագրում են գիտափորձ անցկացնել՝ կամավորների մասնակցությամբ։ Եթե դրանք հաջող անցնեն, ապա մի քանի տարի անց կարդիոտրոֆինի հիման վրա դեղորայքը կարող է հայտնվել բժշկության մեջ։