Ռոսպոտրեբնադզորը թուրքական Անթալիա հանգստավայրը զբոսաշրջիկների համար վտանգավոր է ճանաչել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով գերատեսչության աղբյուրին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռոսպոտրեբնադզորի որոշումն արդեն համաձայնեցված է ԱԳ նախարարության հետ, առաջիկայում դրա մասին կտեղեկացնեն նաեւ Ռոստուրիզմին:
Չի նշվում, սակայն, թե ինչի հետ կապված է նման որոշում կայացվել: «Ինտերֆաքս»-ը պնդում է, որ խոսքը զբոսաշրջիկների առողջության համար վտանգի մասին է:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին Թուրքիայում Կոկսակի վիրուսով հիվանդացության դեպքերի մասին: Թուրքիայի առողջապահության նախարարությունը, սակայն հերքում է այս լուրերը: Ռոսպոտրեբնադզորում թեժ գիծ է գործում, որի միջոցով կարելի է տեղեկություններ հաղորդել վարակվելու դեպքերի մասին:






