Ապրիլի 12-ին Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ Հայաստանի Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի համաժողովը՝ «Սոցիալական առողջություն» թեմայով:
«Միջոցառումը կոչված է վեր հանել սոցիալական պրոբլեմները, որոնք բացասաբար են ազդում մարդու առողջության վրա՝ թե ֆիզիկական, թե հոգեկան», - NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի նախագահ, բժիշկ-ուռոլոգ Գեւորգ Գրիգորյանը:
Համաժողովին ներկա էին Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողները, շրջանավարտները եւ դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները: Ներկա էին նաեւ հարակից մասնագիտույթունների ներկայացուցիչներ:
Ինչպես նշեց Գեւորգ Գրիգորյանը, համաժողովին քննարկվեցին ֆիզիկական պատրաստվածության ազդեցությունը առողջության վրա, վերարտադրողական բժշկության խնդիրները, ցեղասպանության մերժողական քաղաքականության ազդեցությունը առողջության վրա եւ մի շարք այլ հարցեր:
«Մենք կուզենաինք, որ հանրությունը իր անմիջական մասնակցությունն ունենար այս խնդիրների կարգավորման եւ լուծման հարցում, որովհետեւ մենք բոլորս սոցիումի ներկայացուցիչ ենք եւ ցանկանում ենք, որ մեր սոցիալական առողջությունը եւ սոցիալական կարգավիճակը բարձր դիրքերի վրա լինեն», - ասաց Գեւորգ Գրիգորյանը:
Համաժողովին զեկույցներով ելույթ ունեցան ՖԿՀՊԻ հոգեբանության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս Էռնեստ Ավանեսովը, բժիշկ-ուռոլոգ Գեւորգ Գրիգորյանը, Զորյան ցեղասպանության միջազգային ինստիտուտից (Կանադա) Վահրամ Այվազյանը, ՎՊՄԻ-հոգեբանության եւ մանկավարժության ամբիոնի դասախոս Վարդան Այվազյանը, ԵՊԲՀ մագիստրատուրայի ուսանող, ԵԲՀԱ ուսանողական թեւի ղեկավար Կարեն Հարությունյանը, «Անալիտիկ» Վերլուծական կենտրոնի առողջապահական հարցերի համակարգող Մարի Կատվալյանը եւ NGO-ից Լուսինե Ջաղացպանյանը։






