Մինչեւ սեպտեմբերի վերջ կընդունվեն մի շարք որոշումներ, որոնք բխում են անցած տարվա դեկտեմբերի վերջին ուժի մեջ մտած «Դեղերի մասին» օրենքից։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, օգոստոսի 15-ին, ասել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։ Նա հավելել է, որ հիմա այդ որոշումները քննարկվում են կառավարությունում։
«Ես կարծում եմ, որ մենք մեծ քանակության հիմնարար որոշումներ կունենանք, որոնցով խոստացված բարեփոխումները արդեն կսկսեն գործել։ Խոսքն այդ թվում դեղերի ներմուծման մասին է»,- ասել է Սերգեյ Խաչատրյանը, հավելելով, որ կարգը ներառում է բոլոր պահանջները, որոնցով պետք է առաջնորդվեն ներմուծողները դեղորայք ներկրելիս, նաեւ բոլոր հիմնավորումները՝ դեղորայքի ներկրումը մերժելու դեպքերի համար։ Նա նշեց, որ այսպիսով դեղերի զուգահեռ ներկրումը համապատասխանելու է օրենսդրական պահանջներին՝ երկիր որակյալ, անվտանգ ու արդյունավետ դեղամիջոցների ներկրման մասին։
Փոխնախարարը անհիմն է անվանել այն մտավախությունները, որ նոր օրենքը կհանգեցնի շուկայից մանր դեղատների դուրս մղմանն ու ոլորտի մենաշնորհմանը։ Նրա խոսքով՝ հակառակը, օրենքը կապահովի մանր դեղատների ու մեծ դեղատնային ցանցերի հավասարությունը, քանի որ մեծածախ գործունեությունը կտարանջատվի մանրածախից։ «Դրանով իսկ մենք կապահովենք, որպեսզի մեծածախ ընկերությունները ցանցերին ու մանր դեղատներին մատակարարեն դեղերը նույն կամ նման գներով ու մենք ենթադրում ենք, որ դա նախապայման է, որպեսզի մանր դեղատները կարողանան հաջողությամբ աշխատել»,- ասել է նա։ Սերգեյ Խաչատրյանը հավելեց, որ դժվար թե որեւէ մեկը կարողանա որեւէ հոդված նշել օրենքում, որն ուղղված է մանր դեղատների շահերի դեմ։
Նրա խոսքով, տվյալ օրենքի նպատակն է ապահովել որակյալ ու անվտանգ դեղամիջոցների շրջանառությունը։ Եթե որեւէ դեղատուն չի համապատասխանում այդ պահանջներին, ապա նա միանշանակ չի կարողանա իրականացնել գործունեություն, հավելեց նա։
Պատասխանելով NEWS.am Medicine-ի հարցին՝ թե ինչպես է նա գնահատում դեղամիջոցները ԱԱՀ-ից ազատելու կապակցությամբ «Ելք» դաշինքի օրենսդրական նախաձեռնության շանսերը՝ Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ այդ նախաձեռնությունը դրական է համարում, քանի որ ԱԱՀ-ից ազատվելը կհանգեցնի դեղամիջոցների մեծածախ ու մանրածախ գների զգալի նվազեցման։






