Սեռական կողմնորոշումը բուժելն անհնար է, ու ես մեր երկրում նման դեպք չեմ հիշում, որ մենք բուժեինք նույնասեռականությունը։ Այս մասին օգոստոսի 15-ին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը՝ մեկնաբանելով այն հարցը, որ Հայաստանում կան հոգեբաններ, որոնք «բուժում են» նույնասեռականությունը։
Նրա խոսքով որեւէ կողմնորոշում բուժելն անհնար է։ «Արեւմտամետ կամ ռուսամետ լինելու հարցում իմ դիրքորոշումը նույնպես չի բուժվում»,- նշեց նա։
Փոխնախարարի խոսքով՝ հոգեբանը բժիշկ չէ, ու նա չի բուժում։ Բայց եթե մարդը դիմել է հոգեբանի՝ իրեն օգնելու խնդրանքով, այդ թվում կողմնորոշման հարցում, ապա նման ծառայություն պետք է տրամադրվի, քանի որ այն պահանջված է։
«Պետք է ասեմ, նաեւ նույնասեռականների իրավունքները պաշտպանելով, որ մենք ունենք պարտավորություն տրամադրել բժշկական ծառայություններ, ու մենք դա անում ենք՝ անկախ սեռից, տարիքից ու նրանց տարատեսակ կողմնորոշումներից»,- ասել է նա։






