Շատերն ամռան վերջը եւ աշնան սկիզբը արձակուրդի եւ ճանապարհորդությունների սեզոն են համարում: Եթե դիաբետով եք տառապում եւ արձակուրդի եք պատրաստվում, ներկայացվող մի քանի խորհուրդները ձեր ճանապարհորդությունն առավելագույնս անվտանգ կդարձնեն:
  1. Դեղերի բավարար պաշար վերցրեք

Եթե 2-րդ տիպի դիաբետով եք հիվանդ, անպայման ձեզ հետ վերցրեք բժշկի նշանակած բոլոր դեղերը: Իսկ եթե 1-ին տիպի դիաբետով եք հիվանդ, անհրաժեշտ է վերցնել ինսուլինի բավարար պաշար, եւ, իհարկե, այն հուսալի պայմաններում պահել: Չմոռանաք նաեւ գլյուկոչափի մասին:

Եթե արտասահման եք ուղեւորվում, ապա պետք է իմանաք, որ անհրաժեշտ է օդանավով ինսուլինային ներարկիչների տեղափոխման փաստաթղթեր ունենալ: Այս մասին նախօրոք մտածեք:

Ցանկալի է, որ դեղերի պաշարը բավականացնի արձակուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, քանի որ ոչ բոլոր երկրներում ու քաղաքներում է հնարավոր ձեզ անհրաժեշտ դեղամիջոցները գնել:

  1. Ձեռքի տակ մշտապես շշով ջուր ունեցեք

Օրվա ընթացքում մշտապես շշով ջուր ունեցեք, հատկապես եթե արեւի տակ եք քայլելու: Անչափ կարեւոր է, որ դիաբետիկներն օրգանիզմի ջրազրկում թույլ չտան, որը արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակի պատճառով նրանց մոտ արագ է տեղի ունենում:

  1. Մտահոգվեք ձեր ոտնաթաթերի մասին

Արձակուրդի ժամանակ ստիպված կլինեք շատ շարժվել, ուստի անհրաժեշտ է հատուկ խնամք հատկացնել ոտնաթաթերին: Ոտնաթաթերի վնասվածքները դիաբետիկների համար լուրջ խնդիր են, քանի որ ցանկացած վնասվածք կարող է վերափոխվել դիաբետիկ ներբանի: Հագեք դիաբետիկների համար նախատեսված հատուկ գուլպաներ եւ կոշիկ:

  1. Հետեւեք սնունդին

Արձակուրդի ժամանակ ձեր սովորական սննդակարգը կարող է կտրուկ փոխվել, որն իր հերթին կարող է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ փոփոխություններ առաջացնել: Կանոն դարձրեք տեղական սնունդի ուսումնասիրումը, գնեք միայն անվտանգ սնունդ, որպեսզի ձեզ պաշտպանեք ստամոքսաաղիքային ինֆեկցիաներից, որոնք դիաբետիկների մոտ հաճախ են լինում: Դրանից բացի, աշխատեք խուսափել ածխաջրերի մեծ պարունակությամբ մթերքներից:

  1. Լիարժեք քնեք

Երկարատեւ թռիչքները կարող են խախտել քնի եւ արթնանալու ցիկլերը՝ առաջացնելով ջեթլագ: Հիշեք, որ նման վիճակը կարող է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի փոփոխություններ առաջացնել: Ճանապարհորդությունից առաջ խորհրդակցեք բժշկի հետ, թե ձեր առողջության համար թռիչքն ինչպես առավելագույնս անվտանգ դարձնեք: Տեղ հասնելուն պես աշխատեք լիարժեք քնել: