5-ամյա Ռ.Ե. Փրանկը հազվագյուտ բնածին թերությամբ է ծնվել, ինչի պատճառով ձեռքեր չունի: Չնայած դրան՝ երեխան լիարժեք կյանքով է ապրում, իսկ վերջերս նույնիսկ սովորել է հատուկ սարքի օգնությամբ հեծանիվ քշել, որը նրա համար պատրաստել են ԱՄՆ-ի Gillette Children's Specialty Healthcare-ի բժիշկները:

Երկկողմ ֆոկոմելիան բնածին թերություն է, որի հետեւանքով երեխան կարող է ծնվել առանց ոտքի կամ ձեռքի, կամ էլ ոչ լիարժեք զարգացած վերջույթներով:

Այս թերությամբ ծնված մարդկանց մեծ մասին պրոթեզ են առաջարկում, սակայն Ռ.Ե.-ն հրաժարվել է դրանից: Առօրյայում նա միանգամայն հանգիստ ամեն ինչ անում է առանց պրոթեզների. ուտում է, մաքրում ատամները եւ նույնիսկ ոտքերով նկարում: Բայց միայն ոտքերով հեծանիվ քշելն անհնար է, այդ պատճառով աղջկա ծնողները սկսել են մտածել, թե ինչպես կարող են նրան օգնել:

Նրանք դիմել են երեխային բուժող բժիշկներին, որոնք էլ Ռ.Ե.-ի համար սարք են ստեղծել: Այն ամրացվում է մեջքին եւ երկու խողովակներով միանում հեծանվի բռնակներին: Այդպիսով, աղջիկը կարողանում է կառավարել հեծանիվն ու ուսերի շարժմամբ ուղղություն տալ դրան: