Նոր էկզոկմախքային կոստյումի օգնությամբ մանկական ուղեղային կաթվածով (ՄՈՒԿ) երեխաները կարող են ուղիղ քայլել: ՄՈՒԿ-ով 7 երեխաների մասնակցությամբ National Institutes of Health Clinical Center-ի գիտնականների անցկացրած հետազոտությունը հաստատել է սա:

Մանկական ուղեղային կաթվածով յուրաքանչյուր երկրորդ երեխա չի կարողանում քայլել կամ այդ ունակությունը կորցնում է մինչեւ չափահաս դառնալը: ՄՈՒԿ-ով բազմաթիվ հիվանդներ չեն կարողանում ուղիղ քայլել, քանի որ նրանց ծնկները չափազանց շատ են ծալվում, իսկ մկաններն այնքան թույլ են, որ չեն կարողանում կառավարել քայլվածքը:

Փորձագետների խոսքով՝ վաղ տարիքից երեխաների հետ աշխատելու եւ նրանց այս էկզոկմախքի օգնությամբ քայլել սովորեցնելու դեպքում կարելի է լավ արդյունքների հասնել, որոնք երեխայի մոտ կպահպանվեն երկար տարիներ:

Էկզոկմախքային կոստյումը հագեցած է սենսորներով, որոնք հետեւում են, թե քայլելու ընթացքում հիվանդն ինչպես է շարժում վերջույթները: Անհրաժեշտության դեպքում էկզոկմախքն աջակցում է հիվանդի ծնկների աշխատանքին՝ օգնելով ավելի ուղիղ եւ վստահ քայլել:

Հետազոտության ընթացքում էկզոխմախքը փորձարկել են ՄՈՒԿ-ով 7 երեխաներ՝ 7-19 տարեկան: Շաբաթական մեկ անգամ նրանք 2-4 ժամ քայլել են էկզոկմախքային կոստյումով: 7-ից 6 երեխայի մոտ քայլվածքը զգալիորեն լավացել է, ավելին, փոխվել է նրանց քայլերի երկարությունն ու արագությունը: