Հարավային Կարոլինայի բժիշկները չգիտեն, թե ինչպես բուժեն անհայտ ուռուցքով 2-շաբաթական աղջկան: Էդիսոն Ֆեյթ Ռիչբուրգը ժամկետից 7 շաբաթ վաղ է ծնվել, եւ նրա գլխում ուռուցք կա, ինչպիսին մասնագետները նախկինում երբեք չեն տեսել:

Օգոստոսի 12-ի առավոտյան Էդիի մոր՝ Բրենդիի մոտ անջատվել է լորձային խցանը: Ծանոթների խորհրդով նա հիվանդանոց է դիմել, չնայած դեռեւս հղիության 33 շաբաթում էր, եւ նա համոզված էր, որ ծննդաբերությունը դեռեւս հեռու է: Հիվանդանոցում նրան ասել են, որ իր մոտ վաղաժամ ծննդաբերություն է սկսվել, ինչին Բրենդին դժվարացել է հավատալ, քանի որ երկունքի ոչ մի ցավ չի ունեցել:

Քանի որ Բրենդիի մոտ սկոլիոզ կար, եւ կեսարյան հատում էր պահանջվում, նրան պատրաստվել են վիրահատարան տանել, սակայն մինչ այդ որոշվել է ուլտրաձայնային հետազոտություն կատարել՝ զննելու, թե երեխան ինչ վիճակում է:

ՈւՁՀ-ով պարզվել է, որ երեխայի գլուխը շատ ավելի մեծ է, քան պետք է լիներ, եւ համապատասխանել է հղիության 39 շաբաթին: Երեխայի մոտ հիդրոցեֆալիա են կասկածել, եւ Բրենդիին շտապ օգնության մեքենայով ավելի խոշոր՝ Medical University of South Carolina կլինիկա են տեղափոխել, որտեղ կատարել են կեսարյան հատումը:

Փոքրիկ Էդիի ծնվելուց անմիջապես հետո ՄՌՏ է կատարվել՝ հիդրոցեֆալիայի պատճառը պարզելու համար: Նրա ուղեղում ուռուցք են հայտնաբերել: Բժիշկները սկզբում մտածել են, որ նրա մոտ գլիոմայի՝ չափազանց ագրեսիվ անբուժելի ուռուցքի տարատեսակներից մեկն է: Սովորաբար նման ուռուցքով հիվանդների ողջ մնալու հավանականությունը ախտորոշումը կատարելուց հետո մինչեւ 9 ամիս է:

Մի քանի օր հետո նրանք կրկնակի ՄՌՏ են կատարել եւ հայտնաբերել, որ ուռուցքը մի փոքր փոքրացել է: Հետեւաբար՝ դա հազիվ թե գլիոմա լիներ, քանի որ նման ուռուցքները չեն փոքրանում:

Ներկայումս բժիշկները չգիտեն, թե Էդիի մոտ ինչպիսի ուռուցք է: Քանի որ երեխան դեռեւս ընդամենը 1,8 կգ է կշռում 43 սմ հասակի դեպքում եւ շատ թույլ է, բժիշկները չեն կարող բիոպսիա կատարել, որպեսզի գոնե կողմնորոշվեն ախտորոշման հարցում եւ հասկանան՝ արդյոք հնարավոր է նրան օգնել: