Ռադիոլոգ Անի Հակոբյանը համալսարանում լավ էր սովորում եւ բժշկությունը շատ էր սիրում, սակայն մի առարկայի հարցում խնդիրներ ուներ: Այդ առարկան էր…ռադիոլոգիան: Բժիշկ Հակոբյանը վախենում էր մտնել խորհրդային հին ռենտգեն սարքավորումներով կաբինետներ, քանի որ շատ էր կարդացել ճառագայթահարման հետ կապված վտանգների մասին: Հետաքրքիր է, որ տարիներ անց նա հենց ռադիոլոգ դարձավ:
NEWS.am Medicine-ի հետ զրույցում Անի Հակոբյանը, որը Երեւանի կլինիկաներից մեկի ռադիոլոգիայի բաժանմունքի ղեկավարն է, ներկայացրեց, թե ինչով է գրավիչ ռադիոլոգի մասնագիտությունը եւ ինչու երիտասարդներին արժի մտածել ռադիոլոգի կարիերայի մասին:
Ռադիոլոգիան «մոգություն» է
Անի Հակոբյանի կարծիքով՝ ռադիոլոգիայում «մոգական» ինչ-որ բան կա. այն մարդու օրգանիզմ թափանցելու եւ նրա ներքին օրգանները հետազոտելու հնարավորություն է տալիս՝ մաշկի վրա ոչ մի կտրվածք չկատարելով: Յուրաքանչյուր հիվանդ մյուսներից տարբերվում է, եւ անչափ հետաքրքիր է յուրաքանչյուրին հետազոտելը:
Ռադիոլոգիան մշտապես զարգանում է
Ռադիոլոգիան բժշկության այն ոլորտներից է, որոնք մշտապես զարգանում են: Անցյալում, օրինակ, կույր աղիքն ախտորոշում էին ըստ ախտանիշների, դրանց հիման վրա էր ընդունվում նաեւ վիրահատություն կատարելու որոշումը: Այսօր ժամանակակից սոնոգրաֆիական սարքավորումը հնարավորություն է տալիս կույր աղիքը տեսնել եւ ավելի հավաստի ախտորոշում կատարել:
Դրանից բացի, մասնագետի խոսքով, ռադիոլոգիան հետազոտությունների եւ զարգանալու շատ հնարավորություններ ունի:
Ռադիոլոգիան օգնում է կյանքեր փրկել
Ժամանակակից լավ սարքավորման միջոցով կարելի է ամենավաղ փուլերում գտնվող քաղցկեղային հիվանդությունները ժամանակին ախտորոշել, եւ այս դեպքում հիվանդը հաջողությամբ բուժվելու լավ հնարավորություններ կունենա: Օրինակ՝ մամոգրաֆիան թույլ է տալիս կրծքում հայտնաբերել 1-2 մմ տրամագծով ուռուցքները: Հիվանդների գրեթե 100 տոկոսը, որոնց մոտ քաղցկեղը հայտնաբերվել է այսքան վաղ, հաջողությամբ առողջանում է:
Ինչպես նշեց մասնագետը, իհարկե, «վատ» ախտորոշման մասին հիվանդին հայտնելը շատ դժվար է, հատկապես եթե ռադիոլոգը զգացմունքային մարդ է: Բավականին հաճախ հենց ռադիոլոգն է հիվանդի մոտ ծանր հիվանդությունն ախտորոշում, եւ նա էլ ստիպված է հիվանդին ամեն ինչ բացատրել:
Ռադիոլոգիան ոչ ինվազիվ է
Ռադիոլոգիան ոչ ինվազիվ է. բժիշկ ռադիոլոգը վտանգի չի ենթարկվում, որոնք առկա են, օրինակ, վիրաբուժության մեջ: Բավականին փոքր է նաեւ աշխատանքի ընթացքում ռադիոլոգի ինֆեկցիայով վարակվելու հավանականությունը: Ճիշտ է, դեռեւս վտանգներ կան՝ կապված ճառագայթահարման հետ, սակայն ժամանակակից սարքավորումները նկատելիորեն տարբերվում են նրանցից, որոնք անցյալում են օգտագործվել, այն շատ ավելի անվտանգ է:
Ռադիոլոգիան շահութաբեր է
Ինչպես նշեց Անի Հակոբյանը, լավ ռադիոլոգը կարող է Հայաստանում լավ վաստակել եւ ընտանիքը պահել: Հայ ռադիոլոգները հաջողություններ ունեն նաեւ արտասահմանում:






