Սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվությունը, թե իբր դադարեցվում է հեմոդիալիզի պետպատվերը, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամլո ծառայությունը:

Համաձայն համացանցում տարածված տեղեկատվությանը, մինչև այժմ Առողջապահության նախարարությունը գումար էր փոխանցում հիվանդանոցներին՝ 18 100 դրամ դիալիզի յուրաքանչյուր պրոցեդուրայի համար: Ինչպես ահազանգել են Աստղիկ բժշկական կենտրոնի պացիենտները, նախարարությունը նախազգուշացրել է հիվանդանոցներին, որ գումար չի փոխանցելու սեպտեմբերի 1-ից, ու հիվանդները իրենք պետք է վճարեն:

Ի պատասխան այս տեղեկատվությանը ԱՆ մամլո ծառայությունը հայտնում է, որ գաղտնիք չէ, որ մի շարք ծառայություններում, այդ թվում` հեմոդիալիզի, առկա էր դեֆիցիտ։ Այն լրացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կատարել է 2017թ. պետական բյուջեի վերաբաշխում։

ՀՀ կառավարության  օգոստոսի 24-ի նիստում հաստատվել է  նախարարության 2017 թվականի ընթացքում առաջացած տնտեսումներից հեմոդիալիզի ծառայությանը լրացուցիչ 216 մլն 820 հազար ՀՀ դրամ ուղղելու մասին ՀՀ կառավարության որոշումը։

Հատկացված լրացուցիչ գումարը, վստահաբար, կբավականացնի մինչև 2017թ. ավարտը հեմոդիալիզի ծառայությունն ամբողջությամբ պետական պատվերի շրջանակում իրականացնելու համար։

Աստղիկ ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ կառավարության վերոհիշյալ որոշման մասին նրանց տեղեկացրել են այսօր. Մինչ այդ պետպատվերի գումարներն իրոք սպառվել էին եւ որոշ պացիենտներ ստիպված էին վճարել հեմոդիալիզի համար: Տնօրենի խոսքով, այժմ խնդիրը կարելի է լուծված համարել: