2018 թվականի հունվարից հետո նույնպես հիվանդներին հեմոդիալիզի ծառայությունը կմատուցվի պետպատվերի շրջանակում: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարության բուժօգնության քաղաքականության վարչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանը:
«Հեմոդիալիզը կյանքեր փրկող ծառայություն է: Հիվանդներին այդ ծառայությամբ ապահովելն իր վրա է վերցրել պետությունը: Ներկայում այդ քաղաքականության մեջ որեւէ փոփոխություն չի նախատեսվում»,- նշեց նախարարության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ երեկ սոցցանցերում տեղեկություն տարածվեց, որ հեմոդիալիզի պետպատվերը շուտով չեղարկվելու է: Տեղեկության համաձայն՝ սեպտեմբերի 1-ից հեմոդիալիզի յուրաքանչյուր պրոցեդուրայի համար հիվանդներն իրենք են վճարելու 18.100 դրամ: Ավելի ուշ առողջապահության նախարարությունը հայտարարությամբ հերքեց այս տեղեկությունը՝ հաղորդելով, որ դիալիզի կարիք ունեցող հիվանդներն այն ստանալու են պետպատվերի շրջանակում: ԱՆ-ի հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 24-ի կառավարության նիստում հաստատվել է նախարարության 2017 թվականի ընթացքում առաջացած տնտեսումներից հեմոդիալիզի ծառայությանը լրացուցիչ 216 մլն 820 հազար դրամ ուղղելու մասին որոշումը, եւ այդ գումարը կբավարարի մինչեւ այս տարեվերջ:
Ծանոթանալով այս հայտարարությանը՝ հեմոդիալիզի կարիք ունեցող հիվանդները մտահոգվել են. իսկ ի՞նչ է իրենց սպասում 2018 թվականին եւ կարո՞ղ է, արդյոք, հաջորդ տարվա հունվարից դադարեցվի պետական ֆինանսավորումը:
Դավիթ Մելիք-Նուբարյանը վստահեցնում է, որ մտահոգվելու որեւէ հիմք չկա. ոչ ոք չի պատրաստվում փոխել ներկայում գործող հեմոդիալիզի ֆինանսավորման մեխանիզմները, քանի որ այդ ծառայությունը բառի բուն իմաստով հիվանդների այդ խմբին անհրաժեշտ է ապրելու համար, այդ պատճառով անվճար է մատուցվելու ե՛ւ այս տարի, ե՛ւ հետագայում:
«Հեմոդիալիզի համար գումարները չեն ավարտվել եւ չեն կարող ավարտվել: Մենք հիվանդների հստակ թիվ ունենք, եւ կանխատեսումներ կան, թե քանի նոր հիվանդ կլինի ապագայում»,- նշեց Դավիթ Մելիք-Նուբարյանը:






