Սան Դիեգոյում հեպատիտ A-ի բռնկման հետեւանքով 14 մարդ է մահացել: Սան Դիեգոյի առողջապահության եւ սոցիալական ծառայությունների գործակալության ներկայացուցիչները նշել են, որ A հեպատիտով վարակվածների մեծ մասն «անտուններ եւ/կամ ապօրինի թմրանյութ օգտագործողներ են»:

«Հիվանդությունը տարածվում է մարդուց մարդուն կեղտոտ միջավայրում շփման միջոցով: Հիվանդների մոտ սննդի, ըմպելիքի կամ թմրանյութերի ընդհանուր աղբյուր չի հայտնաբերվել, ինչը կնպաստեր հիվանդության տարածմանը»,- ասված է գործակալության հայտարարությունում:

Վարակի բռնկման իրական պատճառը դեռեւս չի պարզվել:

2016 թվականի նոյեմբերից գործակալությունը քաղաքում հեպատիտ A-ի 352 դեպք է գրանցել. 14 մարդ մահացել է, 264-ը հիվանդանոցներում է: Միայն անցյալ շաբաթ Սան Դիեգո շրջանում 19 նոր դեպք եւ 32 հոսպիտալացման դեպք է եղել: Մասնագետների խոսքով՝ անտուններն ապրում են հակասանիտարական պայմաններում, այդ պատճառով նրանց շրջանում հիվանդությունն ավելի արագ է տարածվում:

Հեպատիտ A-ն լյարդի հիվանդություն է, որի պատճառն A հեպատիտի վիրուսն է (HAV): Հիվանդությունը վարակիչ է, դրա բուժումը կարող է շաբաթներ տեւել, հնարավոր են նաեւ մահվան ելքով դեպքեր: