Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը հերթական անգամ խոստացավ, որ պետական պատվերն առաջին հերթին կհատկացվի այն բժշկական հաստատություններին, որտեղ հիվանդներն ավելի շատ են դիմում վճարովի ծառայությունների համար: Օգոստոսի 31-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ վարչապետի հանձնարարականներից մեկը վերաբերում է պետական պատվերի տեղաբաշխման բանաձեւին: Պետպատվերը պետք է տեղաբաշխվի մատուցված վճարովի ծառայություններին համաչափ:

Ըստ նախարարի, բուժհաստատությունները, որտեղ հիվանդներն ավելի շատ են դիմում վճարովի ծառայությունների համար, կգնահատվեն որպես որակյալ եւ հաճախորդին կողմնորոշված:

Ինչպես հայտնեց Լեւոն Ալթունյանը, վարչապետի երկրորդ հանձնարարականը վերաբերում է միջոցների ծախսի թափանցիկությանն ու արդյունավետությանը: Այս հանձնարարականի համաձայն՝ բուժհաստատություններն արդեն 2018 թվականի ապրիլին պետք է ներկայացնեն 2017 ֆինանսական տարվա արտաքին աուդիտի տվյալները: «Սա նշանակում է ֆինանսական ավելի բարձր կարգապահություն եւ զգոնություն»,- ասաց նա: