Դեղերի, բժշկական նշանակության ապրանքների եւ քիմիական նյութերի գնումներ կատարելիս պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպություններն այսուհետեւ կարող են օգտվել ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքի գլխավոր էջում «Տեխնիկական բնութագրերի օրինակելի ձեւեր» բաժնում տեղադրվող տեխնիկական բնութագրերի օրինակելի ձեւերից։ Դրանք նշված ապրանքների գնման ընթացակարգերի տեխնիկական բնութագրեր կազմելու նվազագույն պահանջներն են:
Նախարարության պաշտոնական կայքի «Տեխնիկական բնութագրերի օրինակելի ձեւեր» բաժնում արդեն իսկ տեղադրված են մի շարք դեղերի տեխնիկական բնութագրերի օրինակելի ձեւեր։ Դրանց կավելանան բժշկական նշանակության ապրանքների եւ քիմիական նյութերի տեխնիկական բնութագրեր: Ցանկը պարբերաբար կընդլայնվի եւ կթարմացվի:
Վերոհիշյալ ապրանքների գնման ընթացակարգեր կազմակերպելիս բժշկական կազմակերպություններն այսուհետեւ, անհրաժեշտության դեպքում, կարող են օգտվել նշված օրինակելի տեխնիկական բնութագրերից:
Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունների ղեկավարներն այս մասին տեղեկացվել են նախարության կողմից ուղարկված նամակով։






