Յուրաքանչյուր երրորդ ամերիկացին տառապում է ճարպակալմամբ կամ ավելորդ քաշ ունի: Նման տվյալներ է հաղորդել ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնը:

Զեկույցի համաձայն՝ 25 նահանգներում ճարպակալման ցուցանիշն ավելի քան 30% է, թեեւ 2000 թվականին ոչ մի նահանգ չէր գերազանցում 25%-ի ցուցանիշը: Պարզվել է նաեւ, որ Ամերիկայում ճարպակալմամբ տառապում է յուրաքանչյուր 6-րդ երեխան:

Trust for America’s Health-ի եւ Ռոբերտ Վուդ Ջոնսոնի հիմնադրամի հաշվետվությունում նշվում է, որ ճարպակալման ամենաբարձր ցուցանիշն Արեւմտյան Վիրջինիայում է՝ ավելի քան 37.7%: Երկրորդ տեղում Միսիսիպին է՝ 37.3%, երրորդում՝ Ալաբաման եւ Արքանզասը՝ 35.7%: Իսկ այս ցուցանիշն ամենացածրը Կոլորադոյում է՝ 22.3%:

Զեկույցում նաեւ նշվում է, որ զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող յուրաքանչյուր չորրորդ երիտասարդի չեն ընդունել՝ քաշի հետ կապված խնդիրների պատճառով:

Հրապարակված թվերը վկայում են միջոցների անարդյունավետության մասին, որոնք ամերիկյան գործիչները ձեռնարկում են առողջ ապրելակերպ քարոզելու համար: