Հայաստանում հոգեկան առողջության համար նախատեսված բյուջեի ավելի քան 90 տոկոսն ուղղվում է հիվանդանոցային ծառայությունների աջակցությանը, մինչդեռ ամբողջ աշխարհում խորհուրդ է տրվում մեծացնել արտահիվանդանոցային ծառայությունների ֆինանսավորումը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է հոգեբան Խաչատուր Գասպարյանը։

Նրա խոսքով՝ վաղուց արդեն ապացուցված է, որ արտահիվանդանոցային եւ հոգեբանական ծառայությունների մատակարարման զարգացումն ավելի շահավետ է, քան հոգեբուժարաններին հսկայական միջոցներ տրամադրելը։ Եթե մարդուն հիվանդանոցում են պահում, դա դեռ չի նշանակում, որ նա կբուժվի եւ կկարողանա վերադառնալ սովորական կյանքին։ Նման հիվանդներին ինքնուրույն կյանքի վերադառնալ եւ այդ կյանքին ադապտացվել կօգնեն այնպիսի  կառույցներ, ինչպես Սպիտակի խնամքի տունը, որտեղ հիվանդը հնարավորինս անկախ է ապրում՝ սովորելով խնամել իրեն եւ շփվելով արտաքին աշխարհի հետ։

Իսկ եթե մարդը խնդիրներ ունի, որոնք արդյունքում կարող են նրան հոգեբուժարան հասցնել, դրանց հաղթահարմանը կամ հոսպիտալացման կանխարգելմանը կարող են օգնել հոգեբանական ծառայությունները։ Եթե այդ ծառայությունները եւ խնամքի տները լավ աշխատեն եւ նորմալ ֆինանսավորում ունենան, ստացիոնար բուժման կարիք ունեցող հիվանդների թիվը նկատելի կպակասի, եւ ավելի շատ մարդիկ կարող են հասարակություն վերադառնալ։

Մասնագետը նշեց, որ Հայաստանի նման երկրներին ԱՀԿ–ն խորհուրդ է տալիս բյուջեի առնվազն 30 տոկոսը ծախսել արտահիվանդանոցային ծառայությունների, իսկ 70 տոկոսը կամ ավելի քիչ՝ հիվանդանոցային ծառայությունների համար։  Արտահիվանդանոցային ծառայությունների մեծացման դեպքում վճարովի հոգեբանական ծառայությունները կարելի է հասանելի դարձնել բնակչության անապահով խավերի համար։

«Մենք դեռեւս «կենսաբանական» հոգեբուժության կրողներ ենք, որը ժառանգել ենք խորհրդային մասնագետներից։ Ցավոք, մենք Հայաստանում դեռ չենք ներդրել բարեփոխումները եւ նորարարությունները, որոնք տարածված են ամբողջ աշխարհում։ Որոշ քայլեր արվել են, բայց խնդիրներ դեռ շատ կան»,– նշեց հոգեբանը։