Հայաստանում բրուցելոզի դեպքերի աճը պայմանավորված է այդ հիվանդության հայտնաբերելիության կատարելագործմամբ։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը։

Մասնագետի խոսքով՝ Հիվանդությունների վերահսկողության  եւ կանխարգելման ազգային կենտրոնը վերջին երեք տարում բրուցելոզի ակտիվ հայտնաբերում է կազմակերպում։ Տնտեսություններում, որտեղ գյուղատնտեսության նախարարության տվյալներով, հիվանդ կենդանիներ են հայտնաբերվել, մասնագետները լաբորատոր ուսումնասիրություններ են անցկացնում, որոնց ընթացքում հայտնաբերում են բրուցելոզը, ներառյալ՝ մարդկանց շրջանում։

Մասնագետը բացատրեց, որ բրուցելոզի հիմնական ախտանշաններն են թուլությունը, բարձր քրտնարտադրությունը, հոդացավերը։ Շատ հաճախ ֆերմերները, նկատելով այդ ախտանշանները, դրանք վերագրում են ֆիզիկական ծանրաբեռնվածության պատճառով հոգնածությանը. այն մասին, որ կարող են բրուցելոզով հիվանդ լինել, նրանք չեն էլ կասկածում եւ բժշկի չեն դիմում։

Հայաստանում կենդանիների շրջանում բրուցելոզը դեռ տարածված է։ Լիանա Թորոսյանի խոսքով, որպես կանոն, մարդիկ այդ հիվանդությամբ կենդանիներին խնամելու կամ հիվանդ կենդանիների միսը, ինպես նաեւ նրանցից ստացված անհրաժեշտ ջերմային մշակման չենթարկված կաթնամթերքները օգտագործելու հետեւանքով են վարակվում։

Համաճարակաբանը ֆերմերներին զգուշավորություն պահպանելու, ինչպես նաեւ Առողջապահության նախարարության եւ Գյուղատնտեսության նախարարության մասնագետներին ամեն կերպ օժանդակելու կոչ է արել։

Լիանա Թորոսյանը նաեւ հաստատեց, որ Հովիտ գյուղից մեկ մարդ բրուցելոզով էր վարակվել։ Նա հիվանդ կենդանիներ ուներ, որոնցից էլ, ամենայն հավանականությմաբ, վարակվել էր։

Նշենք, որ Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ 2017 թվականի հունիսին Հայաստանում բրուցելոզի 67 դեպ է գրանցվել, հուլիսին՝ 46: Այս ցուցանիշները գերազանցում են անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները։