Կյանքի 79-րդ տարում վախճանվեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, պետական մրցանակների դափնեկիր, ոսկե մեդալակիր, հայկական ականջաբանության հիմնադիրներից Ռաֆայել Մինասի Խանամիրյանը:

Ռաֆայել Խանամիրյանը ծնվել է Երևանում 1937թ-ի նոյեմբերի 17-ին: 1961 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1988 թվականից եղել է Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի քիթկոկորդականջաբանության ամբիոնի վարիչ, 1990-2008 թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի համանուն ամբիոնի վարիչ, 1990 թվականից՝ Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնի ղեկավար: 1989-2001 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քիթկոկորդականջաբան, 1991 թվականից՝ քիթկոկորդականջաբանության, գլխի և պարանոցի վիրաբուժության միջազգային ակադեմիաների անդամ, 1996 թվականից՝ ՀՀ քիթկոկորդականջաբանների գիտական ընկերության և արտոնագրային հանձանժողովի հայկական մասնաճյուղի նախագահ:Ռաֆայել Մինասի Խանամիրյանը շուրջ 15 հազար վիրահատական միջամտությունների, բազմաթիվ գիտահետազոտական աշխատանքների, նորամուծությունների հեղինակ է:

Բժշկագիտության նվիրյալի կյանքում կարևոր տեղ է գրավել նաև մանկավարժական գործունեությունը: Նրա սաներից շատերը Հայաստանում և սահմաններից դուրս հաջողությամբ շարունակում են նրա գործը:

Վաստակաշատ բժիշկ, գիտնական Ռաֆայել Մինասի Խանամիրյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, ժամը 18:00-ին, Սբ Սարգիս եկեղեցում /Նորքի 5-րդ մասիվ/: Վերջին հրաժեշտը` սեպտեմբերի 26-ին ժամը 12:00-14:00-ն Սբ Սարգիս եկեղեցում /Նորքի 5-րդ մասիվ/: