Սեռախտաբանությանն ու, ընդհանրապես, սեռականությանը վերաբերող հարցերին ավելի շատ պետք է ուշադրություն դարձնել ուսումնական գործընթացներում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Երեւանի բժշկական համալսարանում ընթացող «Սեռական խանգարումների ախտորոշման եւ բուժման արդի չափորոշիչները» թեմայով գիտաժողովում նշել է Հայաստանի սեքսոլոգների միության նախագահ Արամ Հակոբյանը։ Նա հանդես է եկել «Սեռախտաբանությունն ու դրա նշանակությունը բուժական եւ ուսումնական գործընթացներում» զեկույցով:

«Մենք կարեւորում ենք մեր գործընկների փորձն ու կարծիքները սեռախտաբանության դասավանդումն ավելի արդյուավետ դարձնելու համար: Կարծում ենք, որ մանավանդ Բժշկական համալսարանում բժիշկները ամբողջությամբ պետք է տիրապետեն սեռական առողջությանը, ծանոթ լինեն դրա խնդիրներին: Կարեւորում ենք նաեւ ուսումնամեթոդական, տեղեկատվական գիտելիքների տարածումը հասարակության շրջանում»,- NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արամ Հակոբյանը:  

Զեկույցում անդրադառնալով սեռախտաբանության դասավանդման խնդիրներին, Հակոբյանը նշեց, որ ուսումնական ծրագրերում դասական բժշկական առարկաների ծավալն այնքան շատ է, որ սեռախտաբանությանն ու սեռականությանը վերաբերող հարցերի համար ժամաքանակները չեն բավականացնում: Ուսանողները երկար տարիներ սովորելով՝ անտեղյակ են մնում սեռախտաբանության խնդիրներից: 

«Հաճախ են հարցնում, թե, օրինակ, ատամնաբույժը ինչու պետք է լավ տեղյակ լինի նաեւ սեռախտաբանությունից: Սակայն, լինում են դեպքեր, երբ հիվանդի մոտ ի հայտ են գալիս այնպիսի խնդիրներ, որոնք կարող են առնչվել սեռական առողջությանը», - ասաց Հակոբյանը:

Նշենք, որ սեպտեմբերի 25-ին Մ. Հերացու անվան Բժշկական համալսարանում ընթանում է «Սեռական խանգարումների ախտորոշման եւ բուժման արդի չափորոշիչները» թեմայով գիտաժողով, որը կազմակերպել են ԵՊԲՀ-ը եւ Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան:

Հյուրերն են՝ պրոֆ. Վոետ Գիանոտենը (Հոլանդիա) եւ պրոֆ. Բորիս Վորնիկը (Ուկրաինա):

Մասնակիցները կստանան ՇՄԶ կրեդիտավորված հավաստագրեր: