Սոցփաթեթի շրջանակում բժշկական ծառայությունների գները սահմանել է Առողջապահության նախարարությունը շուկայի ուսումնասիրության հիման վրա։ Այս մասին «Ազատություն» ռ/կ–ի ֆեյսբուքյան մամուլի ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը՝ պատասխանելով ՄԻԲՍ Երեւան բժշկա-ախտորոշիչ կենտրոնի ղեկավար Արսեն Թորոսյանի հարցին, որ ՀՏ եւ ՄՌՏ հետազոտության գները անհիմն ցածր են սահմանվել, եւ դա կարող է հանգեցնել բժշկական ծառայությունների շուկայի ավելի մեծ մոնոպոլիզացիայի, իսկ փոքր եւ միջին բժշկական հաստատությունները կարող են փակվել։
Սամվել Մարգարյանն առաջին հերթին զարմանք է հայտնել, որ միլիոն դոլարի ներդրումներ արած ընկերությունը (հաշվի առնելով ՀՏ եւ ՄՌՏ սարքավորումների գները) Հայաստանում փոքր եւ միջին բուժհաստատություն է համարվում։ Նա նաեւ նշեց, որ Առողջապահության նախարարության գործառույթների մեջ չի մտնում առանձին բուժհաստատությունների ֆինանսական կայունության շուրջ խորհրդատվությունը։
«Առողջապահության նախարարության գործառույթը առանձին բուժհաստատությունների ֆինանսական կայունությունն ապահովելը չէ, այլ քաղաքացիներին առավելագույն որակի եւ քանակի ծառայություն մատուցելը։ Վերոնշյալ գները վերանայման արդյունք են։ Գները 25 տոկոսով նվազել են։ Կատարվել է նաեւ շուկայում գների ուսումնասիրություն, այդ թվում՝ բոլոր ապահովագրական ընկերությունների գների, որոնք ձեւավորվում են շուկայական հարաբերությունների հիման վրա։ Մենք բուժհաստատություններին առաջարկել ենք վերանայված գները, եւ շուկայի բոլոր մասնակիցներն ընդունել են մեր առաջարկը»,– ասել է նա։






