ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն ընդունել է  ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆրանսուա Շարպանտիեին։  Հայաստանում առաքելությունն ավարտող դեսպանին նախարարն ասել է, որ համատեղ աշխատանքը բավական արդյունավետ է եղել։ 2010 թվականը նշանավորվել է Հայաստանում ֆրանսիական առողջապահական օրերի անցկացմամբ։ Այս հարթակում առաջին անգամ քննարկվել են առողջապահության բնագավառում գործարար կապերի ամրապնդման հնարավորությունները, հաստատվել են գործնական կապեր։

Լեւոն ԱԼթունյանն ընդգծել է, որ Ֆրանսիայի հետ ավանդական բարեկամությունը հիմք է դրել մի շարք պետական ու հասարակական կառույցների հետ համագործակցության ծավալման համար:

Լավագույն ծրագրերի շարքում նշվել են Երեւանում,  Հայաստանի 5 մարզում եւ Արցախում «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության օժանդակությունը  դեղորայքակայուն տուբերկուլյոզի բուժմանը:

Սերտ համագործակցություն է ծավալվել ֆրանսիական այլ կազմակերպությունների հետ` ուռուցքաբանության, մանկաբուժության եւ գինեկոլոգիայի, ստոմատոլոգիայի, ակնաբուժության ասպարեզներում ախտորոշման եւ բուժօգնության որակի բարելավման ուղղությամբ: 

Երկուստեք կարեւորվել է հատկապես Փարիզի Գյուստավ Ռուսսի ինստիտուտի հետ երկարամյա համագործակցության խորացման ծրագիրը, որով նախատեսվում է Հայաստանում ուռուցքաբանության ծառայության զարգացման նպատակով Հայաստան բերել ճանաչված բրենդը։ 

Դեսպանը հպարտությամբ է փաստել «Աքսիոն սանտե Արմենի-Ֆրանս» կազմակերպության ջանքերով 2013թ. ապրիլին Գորիս քաղաքում բացված «Հայ-ֆրանսիական սրտաբանական հիվանդանոցում» տարածաշրջանի բնակչությանը բարձրորակ բուժօգնություն տրամադրելու մասին։

Կարեւորվել է նաեւ ՀՀ առողջապահության նախարարության եւ Ֆրանսիայի «Վինաթիե» բժշկական կենտրոնի համագործակցությունը` ուղղված հոգեբուժության ոլորտի զարգացմանը։ 

«Առողջապահության ոլորտում լուրջ բարեփուխումների են ընթանում` կլինիկական ուղեցույցների ներդրումից մինչեւ բժշկական ծառայությունների որակի բարելավում, բնակչության անապահով խմբերին պետության կողմից ապահովագրումից մինչեւ գնումների կենտրոնացում։ Այս փուլում առավել կարեւորվում է յուրաքանչուր համագործակցություն, այդ թվում` բարեկամ Ֆրանսիայի հետ»,-ասել է նախարարը։

Ֆրանսուա Շարպանտիեն շնորհակալություն է հայտնել արդյունավետ եւ հաջողված համագործակցության համար` նշելով, որ ամուր հիմքեր կան հետագա համատեղ աշխատանքը խորացնելու  եւ ընդլայնելու արգասաբեր առաջընթաց ունենալու համար։  Դեսպանը կարեւորել է հատկապես ոչ վարակիչ հիվանդություների կանխարգելումը` այդ ծրագրերից առանձնացնելով ծխելու դեմ պայքարը։ Դեսպանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանից փորձագետներ հրավիրելու` ֆրանսիական փորձին տեղում ծանոթանալու համար։

Լեւոն Ալթունյանն առաջարկել է մինչեւ փորձագետների Ֆրանսիա մեկնելը, նախարարությանը տրամադրվեն օրենսդրական կարգավորումները, որպեսզի հայ մասնագետներն այնտեղ հնարավորություն ունենան երկխոսության։

Ֆրանսուա Շարպանտիեն տեղեկացրել է, որ իրենց ուշադրության կենտրոնում է մնում Հայաստանում Գյուստավ Ռուսսի ինստիտուտի ներկայացուցչությունն ունենալու ծրագիրը եւ այդ նպատակով շուտով ֆրանսիական երկրորդ խումբը կայցելի Հայաստան։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել  նաեւ Հայաստանի բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման ուղղությամբ, ինչպես նաեւ երկու երկրի բժշկական կենտրոնների ուղղակի համագործակցության  հնարավորությունների ընդլայնմանը։

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆրանսուա Շարպանտիեն նշել է, որ նոր դեսպանին տեղեկացրել է փոփոխհամագործակցության արդյունքների մասին եւ վստահեցրել, որ  միայն առաջընթաց կապահովվի։