Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները անցյալ տարի ԱՄՆ-ում գրանցել են ռեկորդային բարձր ցուցանիշ: Գրանցվել է քլամիդիայի, գոնորեայի եւ սիֆիլիսի ավելի քան 2 միլիոն դեպք ամբողջ երկրում: Այս մասին գրում է Medicalxpress.com-ը:
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (CDC) հրապարակած, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների հսկողության ամենամյա զեկույցում նշվում է, որ սա երբեւէ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:
2016 թվականին գրանցվել է քլամիդիա մանրէային վարակի 1.6 միլիոն դեպք. Հիվանդությունն ազդում է թե տղամարդկանց, եւ թե կանանց վրա:
Անցյալ տարի տղամարդկանց եւ կանանց շրջանում ավելացել են նաեւ գոնորեա վարակի դեպքերը, սակայն ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է տղամարդկանց շրջանում (22 տոկոս):
Բնակչության շրջանում գոնորեայի դեպքերը հասել են 470.000-ի, որոնց մեջ մեծ մասնաբաժին են կազմում տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդկանց դեպքերը:
Սիֆիլիսով վարակվածների թիվը 2015-ից մինչեւ 2016 թվականին հասել է 28.000-ի:
Այս վարակը տարածված է հատկապես տղամարդկանց, հիմնականում՝ նույնասեռականների, բիսեքսուալների շրջանում:
Սակայն, կանանց մոտ նույնպես 36 տոկոսով ավելացել են սիֆիլիսի դեպքերը:
Նորածինների շրջանում հայտնաբերվել է սիֆիլիսի ավելի քան 600 դեպք, որը հայտնի է որպես ծննդյան սիֆիլիս:
Այս դեպքերը նորածինների շրջանում հանգեցրել են ավելի քան 40 մահվան դեպքի եւ ծանր առողջական բարդությունների:
Փորձագետներն ասում են, որ չնայած հակաբիոտիկների հետ կապված մտահոգություններին, այս երեք սեռավարակները կարող են բուժվել դրանց օգնությամբ:
Այնուամենայնիվ, եթե դրանք չբուժվեն, կարող են հանգեցնել անպտղության, կյանքի համար վտանգավոր ծննդաբերության, հղիների մահվան եւ ՄԻԱՎ-ի փոխանցման ռիսկի ավելացման:






