Վերջին 10 տարիներին Հայաստանում հղիության արհեստական ընդհատման հետ կապված մայրական մահացության որեւէ դեպք չի գրանցվել։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը։
«Սա նշանակում է, որ մեր կանայք դարձել են ավելի խելամիտ եւ շատ հաճախ խուսափում են անցանկալի հղիությունից՝ օգտագործելով հակաբեղմնավորիչ միջոցներ։ Եթե առկա է անցանկալի հղիություն, նրանք դիմում են բժիշկներին, եւ հղիությունը ընդհատում բժշկական հաստատություններում՝ ավելի անվտանգ դարձնելով հղիության ընդհատումը»,-հայտնեց Գայանե Ավագյանը։
Նրա տեղեկություններով, վերջին 15 տարիների ընթացքում հաջողվել է նվազեցնել հատկապես երկրորդային անպտղության ցուցանիշը, որը 2000 թվականին եղել է 28.5 տոկոս, իսկ 2015 թվականին երկուս ու կես անգամ իջել է՝ հասնելով 10.4 տոկոսի։
Գայանե Ավագյանը նշեց, որ նվազել են նաեւ վիժումները. 2016 թվականին գրանցվել է ինքնաբեր վիժման 2235 դեպք։
«Մինչ 2015 թվականը Հայաստանում գրանցվել էր հղիության ինքնաբեր ընդհատումների 4500 դեպք։ Հսկողության եւ նոր մեթոդների կիրառման շնորհիվ ներկայումս հղիության ինքնաբեր վիժումների թիվը տատանվում է 2500-2800-ի սահմաններում», - նշեց Գայանե Ավագյանը։
Ըստ նրա, հղիության արհեստական ընդհատումների մեջ ավելացել են բժշկական ցուցումներով կատարվող հղիության ընդհատումների դեպքերը։
«Եթե մոտ 10 տարի առաջ Հայաստանում գրանցվում էր բժշկական ցուցումներով հղիության արհեստական ընդհատման 300-400 դեպք, ապա վերջին տարիներին դրանց թիվը հասնում է 1500-1700-ի։ Սա նշանակում է, որ հղիների շրջանում իրականացնելով սկրինինգային հետազոտություններ՝ կարողացել ենք վաղաժամ հայտնաբերել հետագա կյանքում կենսունակ չհամարվող պտղի զարգացման արատները», - հայտնեց Գայանե Ավագյանը։
Նշենք, որ սեպտեմբերի 28-ը Անվտանգ եւ օրինական աբորտների միջազգային օրն է։






