Այժմ հղիության արհեստական ընդհատման համար դիմող կնոջը տրվում է առնվազն 3 օր ժամանակ։ Այս մասին, սեպտեմբերի 28-ին լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պես Գայանե Ավագյանը։

«Այդ ընթացքում կինը մեկ անգամ եւս կարող է մտածել, խորհդակցել  բուժաշխատողների, ընտանիքի անդամների հետ։ Նրան տրվում է նաեւ աբորտի հետեւանքների մասին տեղեկատվություն», - նշեց Գայանե Ավագյանը։

Նա հայտնեց, որ այս փոփոխության շնորհիվ բազմաթիվ կանայք հետ են կանգնել հղիության արհեստական ընդհատման մտքից։

«Այնուամենայնիվ, եթե կինը, որոշում է դիմել այդ քայլին մինչեւ հղիության 12 շաբաթականը, նրան ոչ ոք չի կարող արգելել», - հայտնեց Գայանե Ավագյանը։

NEWS.am Medinicine-ի թղթակցի հարցին, թե ինչպես ՌԴ-ում եւ արեւմուտքում է ընդունված, Հայաստանի բուժհաստատություններում կա՞ն հոգեբաններ, որոնք կարող են զրուցել աբորտի համար դիմած կնոջ հետ, Գայանե Ավագյանը պատասխանեց, որ հոգեբանների առկայությունը  նման դեպքերում անհրաժեշտ է համարում, սակայն, ցավոք, Հայաստանում ոչ բոլոր բժշկական հաստատություններն են ի վիճակի ունենալու իրենց հոգեբանը։ Այդ բացը փորձում են լրացնել բժիշկները։