Անցած տարի «Մարդու վերարտադրողական առողջության ու վերարտադրողական իրավունքի մասին» օրենքի տասներորդ հոդվածում («Հղիության արհեստական ընդհատման մասին») ուղղումներ են կատարվել, որոնց համաձայն մինչեւ աբորտ անելը կնոջը երեք օր ժամանակ են տալիս մտածելու համար։ Այդ հարկադիր սպասումը նվազեցնում է անվտանգ աբորտների հասանելիությունը հայ կանանց համար, հավաստիացնում են իրավաբաններ Վիոլետա Զոփունյանը՝ «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ից ու Անուշ Պողոսյանը՝ «Կանանց ռեսուրսային կենտրոնից»։

Անուշ Պողոսյանը նկատել է, որ այս ամռանը Գեղարքունիքի մարզում հետազոտություններ իրականացնելու ժամանակ իրենց կենտրոնի մասնագետները հանդիպել են մի կնոջ, որը ստիպված է եղել աբորտը տանն անել։ Իմանալով անցանկալի հղիության մասին՝ կինը հարեւան քաղաք էր գնացել, քանի որ նրա գյուղում ոչ մի կլինիկա չկար։ Բժիշկները նրան երեք օր ժամանակ են տվել մտածելու համար, բայց երբ այդ երեք օրն անցել է, ձյուն է տեղացել, որից հետո ճանապարհները երկար ժամանակ անանցանելի են դարձել։ Երբ կինը վերջապես հասել է կլինիկա, պարզվել է, որ նրա հղիության ժամկետն արդեն 12 շաբաթականից անցել է, ու բժիշկները հրաժարվել են նրան աբորտ անել։ Դրա հետեւանքով կինը վերադարձել է տուն ու ապօրինի աբորտ արել տան պայմաններում։

Վիոլետա Զոփունյանն էլ իր հերթին նշել է, որ բոլոր դժվարությունները, որոնք նախատեսված են «Մարդու վերարտադրողական առողջության ու վերարտադրողական իրավունքի մասին» օրենքում վերջին փոփոխություններով, իրոք աբորտները նվազ հասանելի են դարձնում Հայաստանի կանանց համար։ Ըստ այդ փոփոխությունների՝ աբորտից առաջ բժիշկը պետք է պարտադիր անվճար կոնսուլտացիա տրամադրի ու բացատրի աբորտի հետ կապված բոլոր ռիսկերը։ Նման կոնսուլտացիա, իրավաբանի կարծիքով, իրոք անհրաժեշտ է, չէ՞ որ խոսքը բուժակարգի մասին է, ու հիվանդը պետք է իմանա բոլոր ռիսկերի ու հնարավոր բարդացումների մասին։ Իրավաբանի խոսքով կոնսուլտացիայի ժամանակ բժիշկը կարող է հարցնել հիվանդին, արդյոք նրան պետք է երեք օր մտածելու համար, թե՞ ոչ։

Վիոլետա Զոփունյանը նշեց, որ աբորտը բուժակարգ է, ու եթե օրենքը կնոջն աբորտ անելու իրավունք է տալիս, այն չպետք է նրա համար լրացուցիչ դժվարություններ ու խոչընդոտներ ստեղծի, չէ՞ որ մյուս բուժակարգերի դեպքում նման դժվարություններ չկան։