ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր, սեպտեմբերի 28–ին, այցելել է օրթոպեդիայի, սպորտային վնասվածքաբանության եւ ողնաշարի վիրաբուժության նորաբաց ժամանակակից կենտրոն, որը հիմնադրվել է Հայաստանում դեռեւս 2015թ-ից գործունեություն ծավալած «Ուիգմոր Քլինիք» ընկերության կողմից։ Բժշկական կենտրոնը ստեղծվել է Մեծ Բրիտանիայում գործող «Ուիգմոր Մեդիքալ» ընկերության մեթոդական եւ ֆինանսական ներդրումների շնորհիվ: Այն տեղակայված է մայրաքաղաքի կենտրոնում՝ պատմամշակութային արժեք ունեցող Պուշկին 56 հասցեում գտնվող հիմնովին վերանորոգված շենքում, որը 1880-ական թվականներից սկսած մշտապես ծառայել է Հայաստանի առողջապահական համակարգին:
Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել «Ուիգմոր Քլինիք» ընկերության նորաբաց բժշկական կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին եւ առողջապահական որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով ստեղծված պայմաններին, հիմնադիրների եւ բուժանձնակազմի հետ զրուցել հաստատության ընթացիկ գործունեության եւ առաջիկա ծրագրերի մասին:
Նախագահին ներկայացվել է, որ ժամանակակից անհրաժեշտ բժշկական բոլոր սարքավորումներով հագեցած «Ուիգմոր Քլինիք»-ը համապատասխանեցվել է հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին, հաստատությունում ներդրվել են պացիենտների վարման գործելակարգեր եւ ուղեցույցներ:
Կենտրոնի հիմնման ծրագրի ընդհանուր արժեքը 4.3 մլն ԱՄՆ դոլար է, որից 3.8 մլն դոլարն արդեն իսկ ներդրվել է: Պատասխանատուների հավաստմամբ՝ մինչեւ 2017թ-ի ավարտը նախատեսվում է ձեռք բերել եւս 500 հազ. դոլարի բժշկական սարքավորում եւ գույք՝ կենտրոնի երկրորդ վիրահատարանը կահավորելու համար:










