Իրականացված աշխատանքների արդյունքները կներկայացվեն առողջապահության նախարարությունում ու կդիտարկվեն բոլոր բացթողումներն ու թերացումները։ Այս մասին սեպտեմբերի 28-ին խորհրդարանական լսումների ժամանակ ասել է Հայաստանի ԱՆ հիվանդությունների վերահսկողության ու կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավար Արտավազդ Վանյանը, պատասխանելով առողջապահության ու սոցիալական ապահովման հարցերով հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի այն հարցին, արդյոք պատժվելու են այն բժիշկները, որոնք տուլարեմիայի փոխարեն մարդկանց անգինայի դեմ են բուժել։
Հիշեցնենք, որ Հայաստանի Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում գրանցվել է տուլարեմիայի բռնկում (վարակվել է 25 մարդ), ինչի կապակցությամբ խորհրդարանում կազմակերպվել են լսումներ։ Արտավազդ Վանյանը, ներկայացնելով իրավիճակը, նշել է, որ հիվանդների մի մասին սկզբում բուժել են անգինայի դեմ, մինչեւ Կենտրոնի մասնագետները նրանց մոտ բացահայտել են տուլարեմիա։
«Բայց արդեն սեպտեմբերից մենք սկսել ենք ամբուլատոր օղակի բժիշկների պատրաստումը, որպեսզի բարձրացնենք նրանց զգոնությունը։ Իսկ ինչ վերաբերում է բացթողումներին, ապա դրանք հետագայում կքննարկվեն»,- ասել է նա՝ հավելելով, որ շատ դեպքերում չարժե մեղադրել բժիշկներին, քանի որ մի շարք ինֆեկցիոն հիվանդությունների ախտանշանները նույնատիպ են։ Դրանք կարելի է ախտորոշել միայն լաբորատոր հետազոտությունների միջոցով։
«Այն մարզերում, որտեղ էպիզոոտիան հաճախ է հանդիպում ու բժիշկներն այդ մասին տեղեկացված են, նրանք ավելի զգոն են լինում։ Իսկ այն մարզերում, որտեղ ավելի քան 15 տարի էպիզոոտիա չի եղել, բժիշկները կարող են պատրաստ չլինել դրան։ Նրանց, անկասկած, պետք է պատրաստել»,-ասել է Արտավազդ Վանյանը։ Նրա խոսքով՝ Տավուշի մարզում մոտ 30 տարի էպիզոոտիա չէր եղել։






