ՀՀ-ում աբորտների թիվը կրճատվել է։ Այս մասին, սեպտեմբերի 28-ին լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը։
«Նվազման մասին վկայում է ոչ միայն պաշտոնական վիճակագրությունը, այլեւ՝ ժողովրդագրական եւ առողջապահական ներկայացուցչական հետազոտությունը, որում ամփոփվել են 5000-6000 կանանց ուսումնասիրության արդյունքները։ եթե 2000 թվականին 1 կինն իր կյանքի ընթացքում միջինում կատարում էր մոտ 2.6 աբորտ, ապա 2015 թվականին աբորտների գումարային գործակիցը կազմել է 0.6», - տեղեկացրեց Գայանե Ավագյանը։
NEWS.am Medicine- ի թղթակցի հարցին, թե հատկապես ո՞ր մարզերում են տարածված աբորտները, Գայանե Ավագյանը պատասխանեց, որ գործակիցը ավելի բարձր է Գեղարքունիքի, Արագածոտնի եւ Արարատի մարզերում։ Գեղարքունիքի մարզում տարածված են հատկապես սելեկտիվ աբորտները;
«Հղիության արհեստական ընդհատման բարձր թիվը պայմանավորված է նրանով, որ այս մարզերում քիչ են օգտագործում հակաբեղմնավորիչ միջոցներ։ Իսկ Տավուշում, Լոռիում եւ Սյունիքում աբորտների ավելի քիչ են դիմում, քանի որ այս մարզերում բարձր է ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցներ օգտագործողների թիվը», - հայտնեց Գայանե Ավագյանը։
Նա նշեց, որ աղջիկ երեխաների կարեւորման, ինչպես նաեւ՝ ԶԼՄ-ների աշխատանքի շնորհիվ սելեկտիվ աբորտների նվազման միտում է նկատվում. տարեկան մոտ 1000 աղջիկ ավելի շատ է ծնվում։






