Մինչեւ 2030 թվականը տարեցների թիվն աշխարհում կհասնի մեկ ու կես միլիարդի։ Այս մասին այսօր, սեպտեմբերի 30-ին, լրագրողներին հայտնեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը։

Նա նշեց, որ ՀՀ-ում եւս նկատվում է տարեցների թվի աճ, եւ ըստ իրենց կանխատեսումների՝ մինչեւ 2050 թվականը տարեցների թիվը կհասնի բնակչության մոտավորապես 25 տոկոսի։

«Եթե 1998 թվականին Հայաստանում տարեցները 5.6 տոկոս էին կազմում, ապա 2016 թվականին նրանց թիվը հասել է 11 տոկոսի, եւ եթե 1998 թվականին 12 աշխատողին հասնում էր 1 չաշխատող, 2016 թվականին 5 աշխատողին է հասնում նույնքան չաշխատող։ Սա նշանակում է, որ աշխատողների ուսերին ավելացել է հավելյալ սոցիալտնտեսական բեռը», - ընդգծեց Գարիկ Հայրապետյանը։

Ըստ նրա, տարեցների թվի աճը լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար, բայց կարելի է ստեղծել պայմաններ, որոնք կնպաստեն, որպեսզի տարեցները նույնպես ակտիվ գործունեություն ծավալեն եւ տնտեսական արժեք ստեղծեն։