Հայաստանը համարվում է ծերացող երկիր։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի հիմնադիր նախագահ Արթուր Թորոսյանը։
«ՀՀ վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում բնակվում է մոտ 387 600 տարեց, որոնք կազմում են ամբողջ բնակչության 12.9 տոկոսը։ Այսպիսի ցուցանիշները վկայում են ՀՀ-ի՝ ծերացող երկիր լինելու մասին», - հայտնեց Արթուր Թորոսյանը։
Նա նշեց, որ ՀՀ-ում տարեցները բացի սոցիալական, առողջապահական խնդիրներից, ունեն հասակարության մեջ ինտեգրվելու խնդիր։ Ըստ նրա, տարեցներն այսօր չեն համարվում հասարակության լիարժեք անդամ։
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը առողջություն հասկացությունը սահմանելիս նշում է կյանքի որակի մասին։ Այն պետք է կարեւորել հատկապես տարեցների պարագայում», - հայտնեց Արթուր Թորոսյանը։
Նշենք, որ հոկտեմբերի 1-ը սկսած 1990 թվականից աշխարհում նշվում է որպես Տարեցների միջազգային օր։






