Հայաստանում գերոնտոլոգիական (ծերաբանություն) ծառայության ստեղծումը    անհրաժեշտություն է։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողներին հայտնեց Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի հիմնադիր նախագահ Արթուր Թորոսյանը։

«Գերոնտոլոգիան լայն հասկացությունն է, որի մեջ մտնում են նաեւ գերիատրիան, գերիոհիգիենան եւ գերիոհոգեբանությունը։ Ցավոք, այս երեք բաժիններն էլ բացակայում են ՀՀ-ում։ Տարեցը դիմելով բժշկին՝  ստանում է նեղ մասնագիտական բուժում։ Արդյունքում,  նշանակում են դեղեր, որոնք տարեցը ֆինանսական կամ այլ պատճառներով չի խմում։ Գերիատրիայի նպատակն այն է, որ խրոնիկ հիվանդությունները պետք է համարվեն համակցված հիվանդություններ եւ դիտարկվեն որպես մեկ ամբողջություն», - նշեց Արթուր Թորոսյանը;

Նա հայտնեց, որ պրոֆեսոր Միքայել Նարիմանյանի հետ ծրագրում են ԵՊԲՀ Ընտանեկան բժշկության ամբիոնին կից ստեղծել գերիատրիայի ամբիոն։

NEWS. am Medicine-ի թղթակցի հարցին, թե հատկապես ի՞նչ գանգատներով են բժիշկներին դիմում հայաստանաբնակ տարեցները, Արթուր Թորոսյանը պատասխանեց, որ գերակշռում են շաքարային դիաբետը, քաղցկեղը, սիրտ-անոթային եւ շնչառական համակարգի հիվանդությունները։