Հայաստանի Արյունաբանական կենտրոնի Հեմոֆիլիայի կենտրոնում հսկվում է հեմոֆիլիայի բոլոր տեսակներով տառապող 236 հիվանդ, որոնցից 57-ը` երեխա: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։ Հեմոֆիլիայով տառապող հիվանդների թիվն աշխարհում կազմում է մոտ 400 հազար մարդ:
2003թ. ՀՀ առողջապահության նախարարության եւ Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի միջեւ կնքված հուշագրի շրջանակներում Արյունաբանական կենտրոնը ստացել է հակահեմոֆիլային գործոններ` թե առողջապահության նախարարության, թե Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի կողմից: Այս տարիների ընթացքում բազում աշխատանքներ են կատարվել. Արյունաբանական կենտրոնում հիմնվել է հեմոֆիլիայի բաժանմունքը, մշակվել է Հեմոֆիլիայի ազգային ծրագիրը, կազմվել է հեմոֆիլիայով հիվանդների ռեգիստրը, արտերկրում մասնագետներ են վերապատրաստվել` արյունաբաններ եւ լաբորանտներ, մակարդելիության լաբորատորիայում ներդրվել են արյան մակարդելիության ժառանգական հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդներ, կիրառվում է հոդային բարդությունների ժամանակակից բուժման արդյունավետ եղանակ:
Հիշեցնենք, որ այսօր, ապրիլի 17-ին, Հեմոֆիլիայի համաշխարհային օրն է։ Այն նշվում է 1989 թվականից Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի եւ Առողջապահության միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ:
Այսօր բազմաթիվ երկրներում կազմակերպվում են միջոցառումներ, որոնք ուղղված են հեմոֆիլիայով տառապող հիվանդների բուժման, դեղերով ապահովման եւ կյանքի որակի բարելավման խնդիրների լուսաբանմանը:
Արյան մակարդման ժառանգական հիվանդություններից 92- 95% կազմում են հեմոֆիլիաները` A, B, եւ Վիլլեբրանդի գործոնի անբավարարությունը:
Հեմոֆիլիան արյան մակարդման համակարգի հիվանդություն է, որը պայմանավորված է մակարդման գործոնների պակասով եւ անցնում է ժառանգաբար` կապված X քրոմոսոմի հետ:
Հիվանդությունը կլինիկորեն դրսեւորվում է տարաբնույթ արյունահոսություններով, արյունազեղումներով հոդերում, մկանային բունոցներում եւ օրգանիզմի այլ խոռոչներում: Կրկնվող ներհոդային արյունազեղումներն առաջացնում են հոդերի քրոնիկական բորբոքում, հետագայում հանգեցնում հաշմանդամության:
Ըստ էության, այս հիվանդության նույնիսկ ծանրագույն ձեւերը բուժման ենթակա են: Բուժման միակ միջոցը պակաս գործոնի ներարկումն է: Վաղ տարիքից պակաս գործոնի կանխարգելիչ ներարկումները թույլ են տալիս բացառել արյունահոսությունները, ներհոդային եւ մկանային արյունազեղումները եւ կանխել հաշմանդամությունը:






