«Աստղիկ» բուժկենտրոնում արդեն հինգ տարի գործում է բժշկական ապահովագրության ծառայությունը, որի նպատակն է ապահովագրված անձանց  բարձրակարգ եւ արտահերթ սպասարկում ապահովելը: Ծառայության բժիշկ-փորձագետներն ու բուժքույրական կազմը տեղում կազմակերպում են ապահովագրված անձի թղթաբանական ամբողջ գործընթացը՝ վերջինիս ազատելով ավելորդ քաշքշուկից եւ հերթերում երկար սպասելուց։ Այսուհետ, որպես ապահովագրված անձինք, սոցիալական փաթեթի շահառուները նույնպես  «Աստղիկ» բկ-ում կսպասարկվեն վերոնշյալ բաժանմունքում:

Կենտրոնի Ապահովագրական ծառայության ղեկավար Արմեն Մուրադյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել է, որ «Աստղիկ» բուժկենտրոնն (ի թիվս այլ բուժկենտրոնների) արդեն պայմանագրեր է ստորագրել վեց ապահովագրական ընկերությունների հետ, որոնք կապահովագրեն պետծառայողներին։ Սոցփաթեթի շահառուների սպասարկման համար ծառայությունն ունի հատուկ աշխատակիցներ, ովքեր առանձին կսպասարկեն նրանց։ 

Սոցփաթեթի շահառուն կարող է ուղղակիորեն դիմել «Աստղիկ» բուժկենտրոն, որտեղ բուժկենտրոնի ապահովագրական ծառայության աշխատակիցները կկապվեն նրա ապահովագրական ընկերության հետ, կամ էլ նա կարող է անձամբ դիմել իր ապահովագրական ընկերությանը, որը կկապվի բուժկենտրոնի հետ։ Երկու դեպքում էլ եւ ապահովագրական ընկերությունը, եւ բուժկենտրոնը պետք է ապահովեն շահառուի բուժման կազմակերպումը կարճ ժամկետներում՝ առանց հերթագրելու, ինչպես նախկինում էր, երբ սոցփաթեթը միավորվել էր պետպատվերի հետ։

Ինչ վերաբերում է սոցփաթեթի շահառուներին, որոնք նախկինում արդեն հերթագրվել էին «Աստղիկ» բուժկենտրոնում, ապա, Արմեն Մուրադյանի խոսքով, նրանք այլեւս ստիպված չեն լինի սպասել իրենց հերթին՝ ծառայության օպերատորները կզանգահարեն նրանց ու կհրավիրեն շատ ավելի շուտ, քան նրանց հերթը պետք է հասներ։

Սոցփաթեթի շահառուները կարող են իրենց ամենամյա կանխարգելիչ զննումները նույնպես անցնել «Աստղիկ» բուժկենտրոնում ու կենտրոնին կից գործող պոլիկլինիկայում։

Հիշեցնենք, որ Հայաստանում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել սոցփաթեթի շահառուների սպասարկման նոր կարգ, ինչը, Հայաստանի ԱՆ ղեկավարության հավաստիացմամբ, նրանց կազատի հերթագրվելու անհրաժեշտությունից։ Նախկինում սոցփաթեթի շահառուները սպասարկվում էին սոցիալապես անապահով խավերի հետ միասին՝ այն պայմանագրերի շրջանակում, որոնք ԱՆ-ն ստորագրում էր հիվանդանոցների հետ պետպատվերի կատարման համար։