Հոկտեմբերի 9-ին Հայաստանում կբացվի օստեոպորոզի տեղեկատվական եւ հետազոտական միջազգային կենտրոն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեց Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանը:

«Մենք հույս ունենք, որ օստեոպորոզի միջազգային կենտրոնը, որը շուտով կբացվի Հայաստանում, կհյուրընկալի բազմաթիվ երկրների մասնագետներին»,- ասաց նա։

Հոկտեմբերի 3-4–ը Ջոն Բիլեզիկյանը առաջին անգամ Հայաստանում կազմակերպել է «Օստեոպորոզի հիմնական սկզբունքները» թեմայով դասընթաց, որի ընթացքում քննարկվում են ոսկրային դենսիտոմետրիային նվիրված հարցերը։

Նա տեղեկացրեց, որ դասընթացի ընթացքում ինչպես տեղացի, այնպես էլ՝ արտասահմանից ժամանած բժիշկներին ներկայացվելու են օստեոպորոզի հայտնաբերման եւ բուժման լավագույն մեթոդները:

«Այսօր աշխարհում օգտագործվում են նոր տեխնոլոգիաներ, եւ լավ կլինի, որ դասընթացին մասնակցող բժիշկները տիրապետեն դրանց ու կիրառեն իրենց երկրներում»,-նշեց Ջոն Բիլեզիկիանը:

«Օստեոպորոզի հիմնական սկզբունքները» թեմայով դասընթացը տալիս է միջազգային վկայական եւ դենսիտոմետրիայի մասնագետ աշխատելու հնարավորություն։ Դասընթացի կազմակերպիչներն են Միջազգային օստեոպորոզի հիմնադրամն ու Կլինիկական դենսիտոմետրիայի միջազգային միությունը: Դասընթացին մասնակցում են բազմաթիվ բժիշկներ ինչպես Եվրոպայից, այնպես էլ՝ Կենտրոնական Ասիայից: