Երեւանում անցկացված Անեսթեզիոլոգիայի եւ ինտենսիվ թերապիայի եվրոպական դիպլոմի քննությանը հայաստանցի բժիշկներ չեն մասնակցել։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեց Հայաստանի Անեսթեզիոլոգների եւ ռեանիմատոլոգների միության նախագահ Արմեն Վարոսյանը:
«Այս տարի հայ բժիշկները չդիմեցին, եւ քննությունը հաղթահարել կարողացան հիմնականում հնդիկ մասնագետները»,- հայտնեց Արմեն Վարոսյանը:
Նա տեղեկացրեց, որ նախորդ տարիներին Եվրոպական դիպլոմ ստանալ հաջողվել է 1-2 հայ բժշկի: Անեսթեզիոլոգը կարծում է, որ հայ մասնագետները քննությանը չեն մասնակցում՝ հիմնականում իրենց ուժերին չվստահելու պատճառով:
Ըստ Արմեն Վարոսյանի՝ անեսթեզիոլոգիայի եւ ինտենսիվ թերապիայի եվրոպական դիպլոմի քննության առաջին փուլն անցկացվել է սեպտեմբերի 16-ին «Էրեբունի» ԲԿ-ում, որտեղ դեռ 2008 թվականից նրա նախաձեռնությամբ քննական կենտրոն է գործում:
Մինչեւ 2017 թվականն աշխարհի բոլոր կենտրոններում քննության գրավոր մասն անցկացվում էր թղթային ձեւաչափով: 2017-ին որոշում ընդունվեց քննությունն անցկացնել առցանց 4 կենտրոններում` Հայաստան (Երեւան), Իռլանդիա (Կորկ), Մալթա (Մսիդա), Թուրքիա (Անկարա):
Քննությունն անցկացվում է տարբեր լեզուներով եւ բաղկացած է երկու մասից՝ ներառելով բազային եւ կլինիկական առարկաներ: Քննության 1-ին եւ 2-րդ փուլերը հանձնողներին շնորհվում է դիպլոմ եւ «Անեսթեզիոլոգիայի եվրոպական միության դիպլոմանտ» տիտղոսը (DESA): Սա հավաստում է, որ այդ մասնագետների պատրաստվածության մակարդակը համապատասխանում է Անեսթեզիոլոգների եվրոպական խորհրդի կողմից (European Board of Anaesthesiology, EBA) ճանաչված չափանիշին:






