Շաբաթական ընդամենը մեկ ժամ մարզանքը նվազեցնում է դեպրեսիայի զարգացման հավանականությունն ու մարդկանց օգնում ավելի արագ ազատվել ճնշված հոգեվիճակից, ասվում է այն հոդվածում, որը հրապարակվել է American Journal of Psychiatry ամսագրում։

«Մենք գիտեինք, որ մարզանքը որոշակի դեր է կատարում դեպրեսիայի դեմ խ պայքարում, բայց հիմա մեզ առաջին անգամ հաջողվել է ճշգրիտ գնահատել, թե որքան շատ է այն օգնում մարդուն ազատվել ճնշված տրամադրության զարգացումից»,- հայտնել է Սեմյուել Հարվին Սիդյեյի Նոր Հարավային Ուելսի համալսարանից։

Քրոնիկ դեպրեսիան համարվում է ամենատարածված ու ամենաբարդ հոգեկան խանգարումներից մեկը։ Վերջին տարիներին գիտնականները գտել են բազմաթիվ վկայություններ այն մասին, որ մշտական դեպրեսիան ազդում է ոչ միայն մարդու հոգեկանի ու վարքագծի վրա, այլեւ նրա առողջության ու կյանքի տեւողության վրա։

Հարվին ու նրա գործընկերները գտել են դեպրեսիայից ազատվելու համեմատաբար անվտանգ ու հասարակ միջոց։ Այդ նպատակով նրանք վերլուծել են Նորվեգիայի բնակիչների առողջության վերաբերյալ ամենազանգվածային դիտարկումների արդյունքները։ Այդ դիտարկումները իրականացվել են սկանդինավյան երկրի շրջաններից մեկում 1980-ականների կեսերից մինչեւ 1990-ականների կեսերը։ Այդ նախագծին մասնակցել է մոտ 30 հազար մեծահասակ նորվեգացի, որոնք բժիշկներին թույլատրել են հետեւել ոչ միայն իրենց առողջությանը, այլեւ տրամադրությանն ու ինքնազգացողությանը։

Ուսումնասիրելով այդ տվյալները՝ ավստրալացի գիտնականները ուշադրություն են դարձրել մի հետաքրքրաշարժ օրինաչափության՝ մարդիկ, որոնք երբեք մարզանք չէին անում, մոտ 44 տոկոսով հաճախ էին տառապում դեպրեսիայից, քան այն նորվեգացիները , որոնք շաբաթական մեկ- երկու ժամ հատկացնում էին սպորտին։

«Դեռ հասկանալի չէ, թե ինչով է դա պայմանավորված, բայց մենք ենթադրում ենք, որ մարզանքն ունի ոչ միայն կենսաբանական, այլեւ սոցիալական առավելություններ։ Ամեն դեպքում նման կապի առկայությունը խոսում է այն մասին, որ վարժությունները պետք է ընդգրկել դեպրեսիայի դեմ պայքարում։ Եթե մեզ հաջողվի թեկուզ մի քիչ բարձրացնել բնակչության ֆիզիկական ակտիվության մակարդակը, դրա ազդեցությունը հսկայական կլինի»,- ամփոփում է Հարվին։