Հնարավոր է՝ Հայաստանը մոտ ապագայում դառնա մասնագետների ուսուցման միջազգային կենտրոն, որոնք զբաղվում են օստեոպորոզի ախտորոշմամբ եւ բուժմամբ: NEWS.am Medicine-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Օստեոպորոզի ասոցիացիայի ղեկավար Վարտա Բաբալյանը:

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 9-ին Հայաստանում կբացվի Օստեոպորոզի միջազգային տեղեկատվական-հետազոտական կենտրոնը: Այստեղ կուսանեն ոչ միայն տեղացի մասնագետները, այլ նաեւ ուրիշ երկրների բժիշկներն ու տեխնիկները, իսկ կդասավանդեն միջազգային անուն ունեցող պրոֆեսորներ եւ մասնագետներ: Ավելին՝ ուսուցումը կիրականացվի ոչ միայն կենտրոնում, այլ կլինեն նաեւ օնլայն դասընթացներ, ինչը հնարավորություն կտա ուսուցմանը ավելի շատ մասնագետների ներգրավել աշխարհի բոլոր երկրներից:

«Մենք ցանկանում ենք Հայաստանը դարձնել օստեոպորոզի մասնագետների ուսուցման միջազգային կենտրոն: Նոր կենտրոնի նպատակն է օստեոպորոզի ախտորոշման եւ բուժման ոլորտում բժիշկների մակարդակի եւ որակավորման բարձրացումը, հետազոտությունների անցկացումը եւ, իհարկե, բնակչության իրազեկվածության բարձրացումը»,- նշեց Վարտա Բաբալյանը:

Օստեոպորոզը մարդու հենաշարժողական ապարատի հիվանդություն է, որի դեպքում ոսկորների խտությունն ու ամրությունը նվազում են, ինչի հետեւանքով ոսկորները սկսում են կոտրվել նույնիսկ թեթեւ ընկնելու կամ հարվածների հետեւանքով: Ըստ էության, հենց կոտրվածքներն են համարվում հիմնական բարդությունը եւ օստեոպորոզի դրսեւորումը, եւ հենց դրանք են զգալիորեն վատթարացնում հիվանդների կյանքի որակը եւ բացասաբար ազդում նրանց աշխատունակության վրա:

Ոսկրերի խտությունը ստուգում են հատուկ սարքի՝ դենսիտոմետրի միջոցով: Կոլումբիայի համալսարանի Բժշկական քոլեջի (ԱՄՆ) էնդոկրինոլոգիայի բաժնի ղեկավար, պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանի ջանքերի շնորհիվ այսօր Հայաստանում մոտ 10 դենսիտոմետր կա, որոնց մի մասը Երեւանի կլինիկաներում է, իսկ մի մասը՝ շրջանային կլինիկաներում: