Թեեւ ՀՀ-ում նկատվում է սուր շնչառական հիվանդությունների աճ, սակայն, համաճարակային լուրջ իրավիճակ չկա։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, լրագրողներին հայտնեց Նորքի Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը։

«Սուր շնչառական հիվանդությունների սրացումը նկատվում է հատկապես դեկտեմբերից փետրվար ընկած ժամանակահատվածում։ Տարածման պատճառները բազմաթիվ են։ Նպաստող գործոններից մեկն էլ եղանակային կտրուկ փոփոխությունն է», - հայտնեց Արա Ասոյանը։

Գլխավոր ինֆեկցիոնիստը նշեց, որ սուր շնչառական հիվանդությունները, սովորաբար, Հայաստան են հասնում ՌԴ-ում տարածվելուց 2-3 շաբաթ հետո՝ վարակը կրողների միջոցով։ Ներկայումս, սակայն, Ռուսաստանի որեւէ շրջանում այս հիվանդությունները տարածված չեն։

Արա Ասոյանը հիշեցրեց, որ սուր շնչառական հիվանդությունների տարածողը միայն վարակակիր մարդն է. սննդի միջոցով դրանք չեն կարող տարածվել։ Նա հորդորեց ծնողներին, որ այս շրջանում հիվանդ երեխաներին չուղարկեն դպրոցներ եւ մանկապարտեզներ։