Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում տուլարիեմիայով վարակված բոլոր հիվանդներն արդեն լիովին առողջ են։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, NEWS. am Medicine-ի թղթակցի հարցին ի պատասխան, հայտնեց Նորքի Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը։  Հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ Արծվաբերդի բժիշկները տուլարեմիայի փոխարեն անգինա էին բուժել, ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստը պատասխանեց, որ նման դեպքերը բացառել չի կարելի։ «Տուլարիեմիան այն հիվանդությունն է, որը սկզբնական շրջանում բոլորը չէ, որ կարող են ախտորոշել։ Ի սկզբանե ճիշտ ախտորոշել կարող է այն բժիշկը, ով իր պրակտիկայում գոնե 1-2 անգամ առնչվել է այդպիսի դեպքի հետ։ Ինչ-որ առումով, բնական է, որ Արծվաբերդ գյուղի բժիշկները չեն կարողացել հասկանալ, որ գործ ունեն տուլարիեմիայի հետ», - ասաց Արա Ասոյանը։ Նա նշեց, որ սխալ բուժման մասին խոսել չի կարելի, քանի որ այդ հիվանդության արտահայտումներից մեկն էլ անգինան է. դրանով է սկսվում տուլարիեմիան։ Արա Ասոյանը տեղեկացրեց, որ թե՛ անգինայի, եւ թե՛ տուլարիեմիայի դեպքում նշանակում են հակաբիոտիկներ։ Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում վերջին մեկ ամսում գրանցվել է տուլարիեմիայով վարակվելու 20 դեպք։

Ավելի վաղ, NEWS.am-ի թղթակցին Արծվաբերդի բուժկենտրոնի տնօրեն Գագիկ Դալլաքյանը պատմել էր, որ հիվանդության առաջին դեպքն ախտորոշվել է օգոստոսի կեսերին։ Ընդամենը մեկ ամսում հայտնաբերել են 20 մարդու, որոնք վարակված են տուլարեմիայով, ընդ որում նրանց շրջանում եղել են և երեխաներ, և մինչև 50 տարեկան մեծահասակներ։

Տուլարեմիան զոոանտրոպոնոզային ինֆեկցիա է, որի ժամանակ հիվանդների մոտ նկատվում է թունավորում, տենդ, ավշային հանգույցների ախտահարում։ Հիվանդության հարուցիչը Francisella tularensis բակտերիան է։ Տուլարեմիայի ցուպիկի կրողներն են համարվում որոշ կենդանիներ՝ այդ թվում նապաստակները, ճագարները ու ջրային առնետները։ Ինֆեկցիան մարդուն է փոխանցվում հիվանդ կենդանու հետ անմիջական կոնտակտի կամ վարակված սննդամթերքի ու ջրի միջոցով։ Ավելի հազվադեպ են  ասպիրացիոն ճանապարհով՝ օրինակ հատիկավոր մթերքների մշակման, հացի կալսման ժամանակ վարակման դեպքերը, նաև երբեմն պատահում են վարակման դեպքեր՝ մոծակների, տիզերի խայթոցների միջոցով։