ՀՀ առողջապահության նախարարությունը Երեւանի եւ մարզերի բժշկական հաստատություններին հատկացրել է Միացյալ հայկական հիմնադրամի կողմից որպես մարդասիրական օգնություն ստացված  «Պլավիքս (Կլոպիտոգրել) 75մգ» դեղը, որը մեծապես կիրառվում է սրտային հիվանդությունների դեպքում։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։

Ըստ բժշկական ցուցումների` դեղ ստացող բոլոր քաղաքացիները, անկախ սոցիալական խմբից, այն անվճար ձեռք բերելու նպատակով կարող են  դիմել Երեւանի եւ մարզերի  տեղամասային պոլիկլինիկաներ եւ ամբուլատորիաներ:

ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված իր կողմից բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը եւ արդյունավետությունը։ Նախարարությանը տրամադրվող բոլոր այդ դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն եւ միայն դրական արդյունքների դեպքում է թույլատրվում դրանց ներմուծումը եւ հետագա հատկացումը բնակչությանը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը Երեւանի եւ մարզերի բժշկական բոլոր հաստատություններին հատկացրել է ինսուլինի հերթական  խմբաքանակը։ Բուժհաստատություններն իրենց մոտ հաշվառված հիվանդներին անհրաժեշտ քանակի ինսուլինային սրվակները պետք է ստանան Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնից։

Կենտրոնացված կարգով ձեռք բերվող եւ մարդասիրական ճանապարհով ստացված դեղերի մատակարարման անխափանությունն ապահովելու նպատակով նախարարությունը հորդորում է տեղերում դեղի հատկացման գործում խոչընդոտների հանդիպելու դեպքում ահազանգել թեժ գիծ` 010-52-88-72 հեռախոսահամարով։