Վերջին շաբաթների ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի երկրներում գրիպի ակտիվությունը կտրուկ նվազել է: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
Մի շարք երկրներում գրիպանման հիվանդություններով եւ սուր շնչառական վարակներով հիվանդացության ցուցանիշներն եղել են հիվանդացության շեմից բավականին ցածր: Այդ հիվանդությունների շարքում ցածր է եղել գրիպի վիրուսների հայտնաբերումը: Նվազել է նաեւ ծանր սուր շնչառական վարակներով հիվանդացությունը, սակայն նվազման ֆոնի վրա արձանագրվել են գրիպի լաբորատոր հետազոտությունների դրական արդյունքների աշխուժացում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով եվրոպական տարածաշրջանում ներկայումս շրջանառում են գրիպի Ա տեսակի H1N1 պանդեմիկ եւ Ա H3N2 ենթատեսակները: Ընթացիկ սեզոնում, նախորդ սեզոնի միեւնույն ժամանակահատվածի համեմատ նկատելի նվազել են գրիպի Բ տեսակի հարուցիչների հայտնաբերումը:
Նմանատիպ իրավիճակ է դիտվում նաեւ տարածաշրջանի երկրներում՝ Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում:
Հայաստանի Հանրապետությունում դիտվում է առաջնային բժշկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներով դիմելիության կտրուկ նվազում` համեմատած նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածի հետ: Երեւանի մանկական պոլիկլինիկաներում որոշակիորեն նվազել է 0-2 տարեկան երեխաների դիմելիությունը։
Ներկայումս ծանր սուր շնչառական վարակների եւ թոքաբորբերի բարդացած կլինիկական ընթացքով հիվանդներ չկան, հոսպիտալացված հիվանդները միջին ծանրության են, որոնք ստանում են համապատասխան բուժում:
Համաձայն իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների, հանրապետությունում, հատկապես մանկական հասակի քանակակազմում, դեռեւս շրջանառում են շնչառական այլ վարակների վիրուսները` ադենովիրուսներ, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, մետապնեւմովիրուսներ:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են սուր շնչառական վարակներով եւ թոքաբորբերով պայմանավորված շտապբուժօգնության կանչերը:
Ելնելով վերը նշվածից եւ գրիպի ու դրա բարդություններից խուսափելու նպատակով` ՀՀ առողջապահության նախարարությանը կրկին հիշեցնում է.
• խուսափե´ք հիվանդների հետ շփումից,
• եթե հիվանդ եք, ապա մնացե´ք տանը,
• եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապեւտին կամ ընտանեկան բժշկին, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
• հագնվե´ք եղանակին համապատասխան,
• պահպանե´ք հազի եւ փռշտալու վարվերակարգը,
• օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
• հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները:






