Բժշկական ուղեցույցների ներմուծումը բժշկությունը ամենեւին չի դարձնում քիչ «տեղծագործական», ի հակառակ տարածված կարծիքի։ Փոխարենը՝ այս ուղեցույցները օգնում են հիվանդներին եւ բժիշկներին։ Բացի այդ, դրանք զգալիորեն բարձրացնում են ողջ երկրում առողջապահական ծառայությունների որակը։ NEWS.am Medicine- ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց նոր ուղեցույցների վրա աշխատող մասնագետներից մեկը՝ Էրեբունի ԲԿ-ի Վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի գիտական ղեկավար, «Վարդանանց» ԲԿ-ի տնօրեն Հարություն Մանգոյանը։
Նրա խոսքով, բժշկական ուցեցույցների ներմուծմամբ Հայաստանի բժշկությունը նոր փուլ կմտնի։ Յուրաքանչյուր հիվանդ վստահ կլինի, որ իրեն բուժում են միջազգային չափանիշներին համապատասխան, իսկ բուժման ընթացքը կդառնա ավելի թափանցիկ եւ վերահսկելի բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ վճարող կողմի համար (կառավարություն կամ ապահովագրական ընկերություն):
Մասնագետի խոսքով, ուղեցույցների ներմուծումը նույնպես իր դերը կունենա հակաբիոտիկային պայքարում։ Ոչ մի բժիշկ այցելուին առանց անհրաժեշտության հակաբիոտիկներ նշանակելու հնարավորություն չի ունենա։
Ինչպես նշեց Մանգոյանը, հիվանդների համար նախատեսվում են հատուկ ուղեցույցներ։ Օրինակ, սուր շնչառական վարակների կամ բրոնխիտի պարագայում, դրանցում հստակ նշվելու է, թե որ դեպքերում է կարելի, եւ որ դեպքերում է անթույլատրելի հիվանդներին նշանակել հակաբիոտիկներ։
«Բժիշկներն ավելի պաշտպանված կլինեն ուղեցույցների շնորհիվ։ Եթե բժիշկն արել է ամեն ինչ ուղեցույցի համապատասխան, նույնիսկ ոչ ցանկալի արդյունքի դեպքում նա «մաքուր» կլինի օրենքի առաջ։ Առաջին 300 ուղեցույցները, որոնք կարգավորելու են 55 բժշկական մասնագիտությունների գործունեությունը, պատրաստ կլինեն այս տարվա նոյեմբերի վերջին», - նշեց Մանգոյանը։
Իսկ գալիք տարվա կեսերին, ինչպես նշեց Մանգոյանը, դրանք ներմուծված կլինեն երկրի բոլոր բուժհաստատություններում, եւ բոլոր բժիշկները պետք է սկսեն աշխատել դրանց համաձայն։
Բոլոր անհրաժեշտ ուղեցույցների մշակման համար հատկացվել է 5 տարի։
Ինչպես նշեց Հարություն Մանգոյանը, բոլոր այդ ուղեցույցները մշակվում եւ հարմարեցվում են բժիշկների կողմից. դրանք միայն այլ երկրների ուղեցույցների թարգմանություններ չեն։ Բոլորն էլ հիմնված են ապացուցողական բժշկության սկզբունքների վրա՝ առաջարկելով հայտնի հիվանդությունների՝ բուժման առավել արդյունավետ մոտեցումներ։
Քանի որ ժամանակակից բժշկությունը զարգանում է շատ արագ, ամենաքիչը երեք տարին մեկ պետք է վերանայել դրանք եւ լրացումներ կատարել։
«Այս ուղեցույցներում բժիշկների համար սկզբունքային նորություններ չեն լինի։ Նոր կլինի միայն համակարգը։ Բոլոր մասնագետները պետք է գործեն ուղեցույցներին համաձայն՝ ոչինչ բաց չթողնելով եւ հօգուտ հիվանդի շահերի», - նշեց Մանգոյանը։
Առաջնային խնամքի համար նույնպես կմշակվեն առանձին ուղեցույցներ. «Առաջնային խնամքը շատ կարեւոր է։ Բժիշկները, որոնք աշխատում են պոլիկլինիկաներում, աշխատում են ավելի շատ հիվանդների հետ։ Եթե նրանք սկսեն աշխատել ուղեցույցների համաձայն, առողջապահության համակարգում շատ բաներ կփոխվեն դեպի լավը, - նշեց Հարություն Մանգոյանը։






