Հայաստանում այսօր բժշկությունը ռուսական եւ եվրոպական բժկության ազդեցությունն ունի, ինչը նրան հնարավորություն է տալիս այս համակարգերի դրական կողմերը քաղել եւ դառնալ լավագույնի քվինտէսենցիա:
Այս մասին այսօր Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի տարեկան համաժողովի բացման ժամանակ լրագրողներին ասել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:
Նրա խոսքով՝ դժվարէ գերագնահատել այսպիսի համաժողովների նշանակությունը, քանի որ այն բժիշկներին հանրավորություն է տալիս հավաքվել եւ քննարկել մարդու առողջությանը վերաբերող կարեւոր հարցեր:
Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ համաժողովի աշխատանքը կընթանա մասնագիտական տարբեր սեկցիաներով: Անդրադառնալու են ներքին հիվանդություններին, ստոմատոլոգիային, դեղաբանությանը, մանկաբուժությանը, տղամարդու եւ կնոջ առողջությանը, օնկոլոգիային, ակնաբուժությանը: Գիտաժողովի վերջին օրը տեղի կունենա լիագումար նիստ՝ նվիրված ուռուցքաբանության արդի խնդիրներին:
Երիտասարդ բժիշկների համաժողովը մեկնարկել է հոկտեմբերի 13–ին Ծաղկաձորում։ Կլինեն վարպետության դասեր, քննարկումներ, փորձի փոխանակում: Եվրոպայից, Վրաստանից, Ռուսաստանից ժամանած մասնագետները հանդես կգան զեկույցներով: Անվանի պրոֆեսորներ կանցկացնեն վարպետության դասեր, որոնց շնորհիվ մեր բժիշկները արտասահմանում ներկայացվող հավաստագրեր կստանան։






