«Ռոսպոտրեբնադզորը» Ռուսաստանի քաղաքացիներին նախազգուշացրել է ԵՄ երկրներում հեպատիտ A-ի բռնկման մասին։
«Ըստ ԵՄ երկրներում հեպատիտ A-ի տարածման ռիսկի գնահատման, որն իրականացվել է այս տարվա սեպտեմբերի 29-ին Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկողության եվրոպական կենտրոնի կողմից (ECDC), 2016-ի հունիսի 1-ից մինչեւ 2017-ի սեպտեմբերի 27-ը եվրոպական 20 երկրներ (Ավստրիա, Անգլիա, Բելգիա, Հոլանդիա, Դանիա, Գերմանիա, Հունաստան, Իռլանդիա, Իսպանիա, Իտալիա, Լատվիա, Մալթա, Նորվեգիա, Պորտուգալիա, Սլովենիա, Շվեդիա, Ուելս, Ֆինլանդիա, Ֆրանսիա ու Էստոնիա) տեղեկացրել են հեպատիտ A-ի 2873 հաստատված դեպքերի մասին։
ECDC-ի տվյալները վկայում են այն մասին, որ Եվրոպայում հեպատիտ A-ի համաճարակը տարածվում է ու ապագայում պետք է սպասել, որ այն ավելի կծավալվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Լեհաստանը չի տեղեկացրել 2017-ին հիվանդացածների քանակի մասին։ Ընդ որում, Լեհաստանի մասով ECDC-ի համաճարակաբանական սքրինինգը ցույց է տվել, որ 2017-ի սեպտեմբերի 17-ի դրությամբ երկրում եղել է հեպատիտ A-ի 1426 դեպք, ինչը 55 անգամ մեծ է 2016-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Գերատեսչության տվյալներով՝ հեպատիտ A-ի դեպքերի ամենամեծ քանակությունն այդ երկրներում գրանցվել է այն տղամարդկանց շրջանում, որոնք սեռական հարաբերություններ են ունեցել այլ տղամարդկանց հետ (MSM)։ Նշված ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա ցուցանիշները զգալիորեն ավելի բարձր են եղել, քան նախորդ տարիների նույն ժամանակահատվածի ցուցանիշները։
«Ընթացիկ բռնկման գենդերային կարգավիճակի համատեքստում առավել արդյունավետ կանխարգելիչ միջոցառում է համարվում MSM կոնտինգենտի պատվաստումը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Իսկ ԱՄՆ-ում արդեն տագնապ են հայտարարել՝ Քալիֆորնիայի տարբեր շրջաններում գրանցվել է հիվանդացության ավելի քան 570 դեպք։ 18 մարդ է մահացել։ Հիվանդության բռնկումը ճնշելու համար Քալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը պահանջով ավելացվել է հեպատիտի դեմ պատվաստանյութերի մատակարարումների ծավալը։
ԱՀԿ-ն հեպատիտ A-ն բնութագրում է որպես գերազանցաբար վիրուսային ծագում ունեցող հիվանդություն, որը կարող է թե՛ թեթեւ, թե՛ ծանր ընթացք ունենալ։
Վիրուսը փոխանցվում է գերազանցաբար ֆեկալ-օրալ ճանապարհով։ Հիվանդությունը կարող է փոխանցվել նաեւ վարակված մարդու հետ ֆիզիկական սերտ շփման դեպքում, բայց մարդկանց հպանցիկ շփումների դեպքում վիրուսը չի փոխանցվում։ Ի տարբերություն հեպատիտ B-ի ու C-ի՝ հեպատիտ A-ով վարակումը չի հանգեցնում լյարդի քրոնիկ հիվանդության զարգացմանը ու հազվադեպ է մահացու ելք ունենում։
Բուժվելուց հետո մարդու մոտ ցմահ իմունիտետ է առաջանում այդ հիվանդության հանդեպ։
Հեպատիտ A-ն առավել տարածված է զարգացող երկրներում, որտեղ սանիտարահիգիենիկ վատ պայմաններ են։ Նման երկրներում երեխաների մինչեւ 90 տոկոսը հասցնում է դեռ մինչեւ 10 տարեկանը հիվանդանալ հեպատիտով։ Քանի որ հետագայում նրանց մոտ առաջանում է վիրուսի հանդեպ իմունիտետ՝ այդ երկրներում հազվադեպ են համաճարակներ բռնկվում։
Հիմնականում համաճարակների զոհեր են դառնում զարգացած երկրները, որտեղ սանիտարահիգիենիկ լավ պայմաններ են։ Տղամարդկանց հետ սեքսով զբաղվող տղամարդկանցից բացի՝ ռիսկի խմբում են այն անձիք, որոնք թմրադեղեր են ընդունում ներարկումների ձեւով, ճանապարհորդում համաճարակաբանական բարձր մակարդակով երկրներում, նաեւ՝ բնակչության մեկուսացած խմբերը՝ օրինակ կրոնական փակ համայնքները։






