Տարբեր գնահատականներով՝ երկրագնդի բնակչության մոտ 2-7 տոկոսը տառապում է երկբեւեռ աֆեկտիվ խանգարման այս կամ այն տեսակով։ Այս խանգարումը նույնիսկ ավելի տարածված է, քան շիզոֆրենիան ու իրենից ներկայացնում է տնտեսական ու սոցիալական լուրջ բեռ, հավաստիացնում է հոգեբույժ ու հոգեթերապեւտ Ալեքսանդր Կուսակովը (Ռուսաստան)։
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա պատմել է այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում այդ խանգարումը ու ինչպես է ազդում կյանքի որակի վրա։
Երկբեւեռ աֆեկտիվ խանգարումը բավականին տարածված հոգեկան խանգարում է, որը բնութագրվում է դեպրեսիվ ու մանիակալ (կամ հիպոմանիակալ) վիճակների հերթագայությամբ։ Այդ վիճակները, որոնք հաճախ կոչվում են հիվանդության դրվագներ կամ փուլեր, պարբերաբար հաջորդում են իրան՝ անմիջապես կամ այսպես կոչված «լուսավոր» ժամանակահատվածներից հետո, որոնց ժամանակ հիվանդն իրեն հոգեպես առողջ է զգում։
Մանիակալ փուլը բնութագրվում է բարձր ակտիվությամբ, տրամադրության բարձրացումով, շարժողական ու իդեատոր- հոգեկան գրգռմամբ։ Հաճախ այն ուղեկցվում է ռիսկային վարքագծով, չկշռադատված, չմտածված որոշումների կայացումով։ Դեպրեսիվ փուլի ընթացքում հիվանդի մոտ նկատվում է ճնշված տրամադրություն, դանդաղած մտածողություն, շարժողական արգելակում։ Այդ փուլերից յուրաքանչյուրը տեւում է մի քանի շաբաթից մինչեւ 1․5-2 տարի, ընդ որում մանիակալ փուլերը սովորաբար ավելի կարճատեւ են , քան դեպրեսիվ փուլերը։ Ինչ վերաբերում է «լուսավոր» ժամանակահատվածներին, դրանք կարող են տեւել մի քանի տարի կամ էլ առհասարակ բացակայել։
Մասնագետը բացատրեց, որ չնայած այդ խանգարումով տառապել են ու տառապում են բազմաթիվ դերասաններ, արվեստագետներ, նկարիչներ ու այլ տաղանդավոր մարդիկ, այն այնուամենայնիվ բացասաբար է ազդում մարդու կյանքի որակի վրա ո ւ սահմանափակում է նրա ֆունկցիոնալությունը։ Խանգարումը նաեւ ազդում է մարդու մասնագիտական, սոցիալական ու ընտանեկան կյանքի վրա, իսկ դեպրեսիվ փուլերի ժամանակ բարձրանում է ինքնասպանությունների հավանականությունը։
Հոգեբույժի խոսքով, երկբեւեռ աֆեկտիվ խանգարումով տառապող մարդիկ, որպես կանոն, գիտակցում են, որ խնդիր ունեն։ Բայց հաճախ նրանք չգիտեն, թե ինչ է կոչվում իրենց խնդիրը ու ում է պետք դիմել օգնության համար։ Ոմանց թվում է, որ դա պարզապես բնավորության առանձնահատկություն է, որ ընդամենը պետք է ինքնատիրապետում, համբերություն, ու ամեն ինչ լավ կլինի ։
Բայց իրականում երկբեւեռ խանգարումը հիվանդություն է, ու այն հաղթահարելու համար մասնագետի օգնություն է պետք։
Երկբեւեռ աֆեկտիվ խանգարման ու դրա ախտորոշման հանդեպ նորագույն մոտեցումների մասին դասախոսությամբ Ալեքսանդր Կուրսակովը ելույթ է ունեցել միջազգային գիտաժողովի ժամանակ, որը նվիրված էր աֆեկտիվ ու տագնապային -ֆոբիկ խանգարումներին։ Գիտաժողովն անցկացվում է Երեւանում հոկտեմբերի 23-ին ու 24-ին։






